18:27  ,  15 հոկտեմբերի, 2018

Արթուր Վանեցյանը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Մակեդոնացիների դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Մարզումից առաջ ֆուտբոլիստներին մոտեցավ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը, որը մոտիվացնող խոսքով դիմեց խաղացողներին:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ հավաքին մասնակցող բոլոր խաղացողները պատրաստ են վաղվա խաղին:

Հոկտեմբերի 15-ին «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել նաեւ Մակեդոնիայի հավաքականը: Մարզումից հետո Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ իր թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղվա հանդիպմանը: Նախօրեին մակեդոնացիները մարզվել են նաեւ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում