18:01  ,  15 հոկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որեւէ խնդիր չկա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Մակեդոնիայի թիմի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Իհարկե, տեսնում եմ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Պետք է երկարաժամկետ ծրագիր՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, որպեսզի հավաքականում լինի մրցակցություն եւ խաղացողներն առաջադիմեն: Լավ օրվանից չէ, որ խաղացողները վատ մարզավիճակում են միանում հավաքականին:

Թիմում մարզվում են 25 ֆուտբոլիստներ եւ հաջորդ խաղում կլինեն փոփոխություններ: Մենք ունենք ռեսուրսներ երիտասարդական հավաքականում, սակայն այս փուլում մենք ցանկանում էինք արդյունքի հասնել եւ նախապատվությունը տվեցինք փորձառու խաղացողներին: Հիմա պետք է լինենք ավելի կազմակերպված:

Մակեդոնիայի դեմ խաղում կլինեն նոր բաներ, քանի որ Ջիբրալթարի ու Մակեդոնիայի թիմերը շատ տարբեր են: Մակեդոնացիները միշտ փորձում են խաղալ առաջին համարով ու հարձակողական ֆուտբոլ:

Երկարաժամկետ ծրագրի մասին կարճ կասեմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում, երեւի, կա 2-3 ակումբ, որն ունի ենթակառուցվածքներ: Մեզ մոտ չկա լուրջ ակադեմիա: Եթե մենք ունենանք ակադեմիաներ, երիտասարդները միասին կմարզվեն ու կսնվեն այնտեղ: Եվրոպական առաջատար երկրներում այդպես է: 14 տարեկանից հետո խաղացողների մոտ այլ աշխատանք է պետք:

Հենց հիմա կենտրոնացած ենք, որ դաժան պարտությունից հետո մեր ֆուտբոլիստները լավ արդյունքի հասնեն: Կենտրոնացած ենք Մակեդոնիայի դեմ խաղին: Մարզումներին պաշտպանությունից դուրս գալը լավ է ստացվում, բայց ամեն բան ցույց կտա խաղը:

Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղից հետո ֆեդերացիայի նախագահի հետ չեմ հանդիպել, բայց հանդիպում եղել է փոխնախագահի հետ: Մինչեւ հավաքականը գլխավորելը ՀՖՖ նախագահի հետ զրուցել ենք հայկական ֆուտբոլի մասին: Առաջին անհանգստացնող խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի մասին էր: Շատ կարեւոր է մասսայական ֆուտբոլը:

Մարկոսն արդեն ապաքինվել է, իսկ Կառլենը վաղուց վնասվածք էր ստացել, հիմա նա արդեն պատրաստվում է մակեդոնացիների դեմ խաղին:

Անկեղծ եմ ասում, որ հավաքականի ֆուտբոլիստների հարաբերություններում լարվածություն չկա: Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որեւէ խնդիր չկա:

Մեր թիմի ավագն ամենաշատն է վազել նախորդ խաղում ու լավագույնն էր բոլոր ցուցանիշներով: Մխիթարյանն իր խաղով ապացուցում է, նա կյանք է դնում, որ գա եւ ուրախացնի բոլորիս: Երկրպագուների հետ հանդիպմանը Հենրիխն ասաց, որ հարգում է բոլորին եւ եկել է իր ազգին ուրախացնելու համար:

Գոլային պահերը չիացնելու խնդիրը լինում է իրար հետ՝ պատրաստվածության եւ հոգեբանական: Լինում են նաեւ բարձրակարգ խաղացողներ, որոնք չեն կարողանում իրացնել պահերը, սակայն մեկ գոլից հետո ամեն բան փոխվում է: Նախորդ խաղում մենք 36 հարված էինք կատարել դարպասին: Պետք է ուժեղացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի մեր ֆուտբոլն այլ տեղ գա: 

Մեր երկրպագուները մինչեւ վերջ աջակցում էին մեզ, սակայն ցավալի պարտություն կրեցինք: Գոնե կարողանանք այս խաղով հետ բերել հույսն ու հավատը երկրպագուների մոտ: Շատ կցանկանայի, որ երկրպագուները չկորցնեն հավատը: Բոլոր թիմերի մոտ էլ այսպիսի բաներ լինում են: Կցանկանայի, որ երկրպագուները գային եւ աջակցեին մեզ դժվար պահերին:

Արթուր Եդիգարյանին շատ լավ եմ ճանաչում, սակայն այս հավաքին գտանք, որ ավելի շատ պետք է խաղան այս ֆուտբոլիստները»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով