Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը զարմացած է, որ Ավստրալական հակադոպինգային գործակալությունը (ASADA) պահանջել է հանձնել դոպինգ թեստ: 2017-ին աթլետի կարիերան ավարտած 32-ամյա ջամայկացին սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում:
«Ես հրաժեշտ եմ տվել աթլետիկային, որպեսզի դառնամ ֆուտբոլիստ: Ինչո՞ւ պետք է հանձնեմ դոպինգ թեստ: Ես դեռ պրոֆեսոինալ ֆուտբոլիստ չեմ: Ես հակադոպինգային գործակալության ներկայացուցիչին հարցրեցի, թե ինչու պետք է անցնեմ դոպինգ ստուգում, եթե դեռ պայմանագիր չեմ կնքել ակումբի հետ: Ինձ ասացին, որ պետք է անեմ դա, քանի որ բարձր մակարդակի մարզիկ եմ: Դե ինչ, լավ»,- Ինստագրամում գրել է Բոլթը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել է 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում