15:45  ,  15 հոկտեմբերի, 2018

Գորան Պանդեւ. Երեւան ենք եկել հաղթական շարքը շարունակելու համար

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի եւ իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդեւը Երեւանում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում անդրադարձել է Հայաստանի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը:

«Հայաստանի հավաքականն ունի լավ խաղացողներ եւ հենց սկզբից գիտեինք, որ նրանք մեր գլխավոր մրցակիցն են լինելու խմբում: Շատ լավ ենք ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղը:

Պատրաստ եմ հավաքականում իմ 100-րդ խաղին: Ունենք ուժեղ թիմ: Գուցե սա Մակեդոնիայի պատմության մեջ ամենաուժեղ հավաքականն է՝ լավագույն մարզիչով: 3 խաղում տարել ենք 3 հաղթանակ եւ Երեւան ենք եկել հաղթական շարքը շարունակելու համար: Հայաստանի հավաքականն ունի որակյալ ֆուտբոլիստներ, բայց մենք նրանց նկատմամբ արժանի հաղթանակ տարանք Սկոպյեում: Ամեն ինչ կանենք, որ այդ հաջողությունը կրկնենք նաեւ վաղվա խաղում»,- Մակեդոնիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է ekipa.mk-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում