17:52  ,  12 հոկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Վստահ եմ՝ կզգաք հավաքականի ուժեղացումը Յուրա Մովսիսյանի խաղից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարի թիմի դեմ հոկտեմբերի 13-ին կայանալիք Ազգերի լիգայի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

Կա՞ն կադրային խնդիրներ: Մարկոսը պատրա՞ստ է խաղին:

Մարկոսը թեթեւ վնասվածք ուներ եւ 2 մարզում թեթեւ աշխատեց, բայց հուսով եմ, որ նա լիովին պատրաստ կլինի խաղին: Ինչպես գիտեք, վնասվածք են ստացել Արաս Օզբիլիսը եւ Անդրե Կալիսիրը, որոնք կարող էին մեծ օգուտ տալ թիմին, սակայն ունենք այն, ինչ ունենք: Կառլեն Մկրտչյանը դեռ լիովին պատրաստ չէ խաղալ 90 րոպե, սակայն, հաշվի առնելով նրա փորձը, վստահ եմ, որ նա կարող է օգուտ տալ մեր հավաքականին:

Տեւական ընդմիջումից հետո հավաքական է վերադարձել Յուրա Մովսիսյանը: Արդյո՞ք երկար ժամանակ չխաղալուց ու վնասվածքներից հետո Մովսիսյանը պատրաստ է 100 տոկոսով:

Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ թիմում հարմարվելու խնդիր չկա: Նա շատ մեծ ցանկությունով է եկել եւ վստահ եմ, որ կզգաք թիմի հզորացումը եւ ուժեղացումը Յուրայի խաղից: Երբ խաղում ես հավաքականի մարզաշապիկով, մոռանում ես մարզավիճակի մասին: Ցանկությունն այնքան մեծ է, որ, վստահ եմ, այդ ցանկությունը կբերի 100 տոկոսանոց պատրաստության:

Չկայի՞ն արդյոք արտասահմանում եւ Հայաստանում խաղացող նոր ֆուտբոլիստներ, որոնք կարող էին թարմություն հաղորդել թիմին:

Ճիշտն ասած, կա մեկ ֆուտբոլիստ, որի անունը չէի ցանկանա նշել, նա Ուրուգվայից է եւ կցանկանայինք, որ միանար հավաքականի, քանի որ նա կուժեղացներ թիմի հարձակման գիծը, սակայն նա դեռ չի համաձայնում գալ հավաքական: Շատ գոհ եմ տղաներից, իրենց մարզումներից եւ վստահ եմ, որ նրանք վաղն ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար:

Ավագի թեւկապը մնալո՞ւ է Մխիթարյանի մոտ:

Թեւկապը մնալու է Մխիթարյանի մոտ: Հենրիխը մեր առաջատարն է, եւ վաղը նա է թիմին դուրս բերելու խաղադաշտ:

Ըստ ձեզ՝ ո՞րն է արժանապատիվ ֆուտբոլը:

Կարծում եմ՝ արժանապատիվ խաղ էր Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցավեճը մակեդոնացիների հետ, երբ 1:3-ից հետո թիմը հասավ արժանապատիվ արդյունքի ու խաղի: Երբ ֆեդերացիան բանակցում էր արտասահմանցի մասնագետների հետ, խոսքը գնում էր ոչ միայն արդյունքի, այլեւ արժանապատիվ խաղի մասին: Հավատացեք, որ, երեւի, արժանապատիվ խաղը բառերով չի լինի բացատրել: Երբ դու զգում ես, որ ֆուտբոլիստն ու թիմն ամեն ինչ արեցին, սակայն չստացվեց:

Հայտնի է, որ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո ՀՖՖ-ն բանակցում էր արտասահմանցի մասնագետների հետ: Դուք ե՞րբ ստացած հավաքականը գլխավորելու առաջարկ, եւ ի՞նչ պայմանավորվածություն եք ձեռք բերել ֆեդերացիայի հետ: Հավաքականը գլխավորուելո՞ւ եք մինչեւ այս ընտրական փուլի ավարտը, թե՞ ձեզ առաջարկել են ավելի երկարաժամկետ աշխատանք:

Հավաքականը գլխավորելու առաջարկ ստացել եմ հոկտեմբերի 7-ին: Իմ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի մայիսը: Կարծում եմ՝ դա արդեն երկարաժամկետ ծրագիր է: Հավատում եմ, որ մեր երիտասարդական հավաքականում կան խաղացողներ, որոնք այս տեմպերով առաջադիմելու դեպքում ժամանակի ընթացքում կհամալրեն ազգային թիմը:

Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում կլի՞նեն տակտիկական փոփոխություններ: Ո՞րն է Ձեր խաղային փիլիսոփայությունը:

Չեմ ցանկանա խոսել խաղային փիլիսոփայության կամ տակտիկական սխեմաների մասին: Հավատում եմ, տղաների մոտ մեծ նվիրվածություն եմ տեսնում մարզումներին: Վստահ եմ, որ վաղվա խաղում տղաներն ամեն ինչ անելու են, որ հասնենք լավ արդյունքի:

Ի՞նչ կարծիք ունեք Ջիբրալթարի հավաքականի մասին:

Լավ ուսումնասիրել ենք Ջիբրալթարին, նրանք խաղում են շատ համարձակ ֆուտբոլ: Նրանց մոտ խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է: Ջիբրալթարի հավաքականի նախորդ 2 խաղերն ուսումնասիրելիս տեսել ենք, որ նրանք թե՛ տնային խաղերում, թե՛ հյուրընկալվելիս փորձում ենք խաղալ առաջին համարով՝ հարձակողական ֆուտբոլ: Լավ խոսքեր պետք է ասեմ Ջիբրալթարի հավաքականի մասին, լավ ֆուտբոլ են խաղում:

Արդյո՞ք կիսում եք այն կարծիքը, որ Ջիբրալթարն այն հավաքականն է, որին կարելի է հեշտությամբ հաղթել:

Իհարկե, ես այդպես չեմ մտածում: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե ես այդպես մտածեմ, շատ վատ բան տեղի կունենա: Պետք է շատ լրջորեն ու կենտրոնացած դուրս գանք խաղադաշտ, փորձենք ցուցադրել մեր ֆուտբոլը, բայց հարգենք մրցակցին:

«Փյունիկի» մարզիչն ասել էր, որ Կառլեն Մկրտչյանին չի կարելի հրավիրել հավաքական:

Մարզիչի հետ զրուցել եմ, եւ նա ասաց, որ Կառլեն Մկրտչյանի ֆունկցիոնալ վիճակը լավ չէ: Այս 3 օրերին մեր մարզումներին մասնակցում է նաեւ «Փյունիկի» ֆիզպատրաստության մարզիչը: Արդեն երրորդ օրն է, որ Կառլենի ֆունկցիոնալ վիճակը լավ է: Նա կարող է օգնել թիմին: Ինչ վերաբերում է Ռումյան Հովսեփյանին, նա լավ մարզավիճակում է:

Խոսվեց արժանապատիվ խաղից, հավանաբար դիտել եք Մակեդոնիայի հավաքականի դեմ նախորդ խաղը, արդյո՞ք մեր թիմն արժանապատիվ ելույթ ունեցավ:

Մեր մարզիչն ընտրել էր շատ ճիշտ մարտավարություն, որը պարզապես չաշխատեց: Ունեցանք գոլային պահեր, եւ եթե օգտագործեինք դրանք, կարող էինք այլ արդյունք գրանցել եւ հաղթել:

Ինչպե՞ս կգնահատեք Պետրոս Ավետիսյանի խաղը:

Մեծ հույսեր եմ կապում Պետրոս Ավետիսյանի հետ: Նա մեր ֆուտբոլի ապագան է:

ՀՖՖ նախկին նախագահը հայտարարում էր, որ միջամտում է հավաքականի գործերին ու խաղացողների ընտրությանը: Հիմա ի՞նչ իրավիճակ է:

Իսկապես, ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Չեմ հասկանում, որ հնարավոր է խառնվել մարզիչի գործերին՝ հատկապես կազմն ու տակտիկական սխեմաներն ընտրելիս: Վստահ եմ, որ այդպիսի բան չի լինում: Հավատում եմ, որ չի լինում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում