17:36  +04,  12 հոկտեմբերի, 2018

Վարազդատ Հարոյան. Մեզ բարդ հանդիպում է սպասվում Ջիբրալթարի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Ջիբրալթարի թիմի դեմ հոկտեմբերի 13-ին կայանալիք Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Չէի ցանկանա խոսել Մակեդոնիայի հավաքականի դեմ նախորդ խաղի մասին: Կխոսեմ մեր առաջիկա մրցակից Ջիբրալթարի մասին: Ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականին եւ լիովին պատրաստ ենք խաղին: Պետք է կենտրոնացված գործենք եւ հաղթենք, նման հավաքականների դեմ դժվար խաղ է ընթանում: Դրանից հետո կկենտրոնանանք ու լիովին կտրամադրվենք Մակեդոնիայի դեմ հաջորդ հանդիպմանը: Պետք է հաղթենք 2 խաղերում էլ, քանի որ այլեւս չունենք միավոր կորցնելու իրավունք: 

«Ուրալի» վերջին խաղերին մասնակցել եմ եւ լավ մարզավիճակում եմ: Ակումբում կա լեգեոնականների խնդիր, համենայնդեպս ինձ այդպես են ներկայացրել իրավիճակը: Թիմում բարձրակարգ լեգեոնականներ ունենք տարբեր դիրքերում եւ ամեն բան կախված է լինում խաղերից: Երբեմն մարզիչները նախապատվությունը տալիս են առջեւի գծի լեգեոնականներին:

Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Գնդակով թիմի համար բարդ է խաղալ հակագրոհներով գործող թիմի դեմ, բայց մենք լիովին պատրաստ ենք եւ ուսումնասիրել ենք մրցակցին: Պարզապես կենտրոնացվածության խնդիր է, պետք է լինել կենտրոնացված եւ պատրաստ:

Շատ ուրախ ենք, որ Յուրա Մովսիսայանը վերադարձել է հավաքական: Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա: Հավաքականի մարզաշապիկով դաշտ դուրս գալիս այլ տրամադրվածությամբ ես խաղում: Կարեւոր չէ, թե քանի խաղի ես մասնակցել եւ ինչ մարզավիճակում ես, հավաքականի մարզաշապիկով բոլորովին այլ տրամադրվածություն է խաղացողի մոտ: Կարծում եմ՝ միայն ամենալավը կարելի է սպասել Յուրայից:

Չեմ կարծում, որ մարզչական փոփոխությունը հոգեբանորեն ազդել է թիմի վրա: Թիմում տրամադրվածությունը շատ լավ է, արդեն մոռացել ենք Մակեդոնիայի դեմ խաղը: Բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց այնտեղ: Ոչինչ չի կարող խանգարել մեզ, պետք է դուրս գանք խաղադաշտ եւ հաղթենք: Կրկնում եմ, որ չունենք իրավունք միավոր կորցնելու»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ