21:45  ,  11 հոկտեմբերի, 2018

ՀԳՖ նախագահ. Հայկական գեղասահքի պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է

Հայկական գեղասահքի պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է՝ անցկացնել միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի մրցաշարերից մեկը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է գեղասահքի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության 7-րդ փուլը: Մասնակցում է 31 երկրի 87 մարզիկ:

«Սա շատ կարեւոր մրցաշար եւ մարզական իրադարձություն է Հայաստանի, հայկական գեղասահքի համար: Եթե մենք հաջող անցկացնենք այս մրցաշարը, հնարավորություն կստանանք արդեն շատ մրցաշարեր հյուրընկալել: Իսկ երկու տարի նման կարգի մրցաշարեր հյուրընկալելուց հետո, իրավունք ձեռք կբերենք Հայատանում անցկացնել մեծահասակների աշխարհի առաջնություն:

Մեկ տարի առաջ Սարգիս Թեւանյանին, ով նաեւ միջազգային ֆեդերացիայի անդամ է, հրավիրեցինք Հայաստան: Նա այստեղ ծանոթացավ մեր դպրոցին, պայմաններին, մասնակցեց մարզումներին, ծանոթացավ հայկական գեղասահքին: Նրա հետ Հայաստանում էր գտնվում նաեւ ISU-ի փոխնախագահը: Համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց, որ մեր մարզադպրոցը լիարժեք համապատասխանում է ISU-ի մրցաշարեր անցկացնելու համար: Հայկական գեղասահքի պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է՝ անցկացնել ISU-ի Գրան Պրի խաղարկություններից մեկը: Հայաստանում աշխարհի գավաթի փուլ անցկացնելը կնպաստի մարզաձեւի մասսայականացմանն ու զարգացմանը: Կարծում եմ այս մրցումային օրերից հետո երեխաների հոսքը դեպի սահադաշտը կմեծանա»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Նշենք, որ Հայաստանը միջազգային մրցաշարում ունի 5 մասնակից՝ 2 աղջիկ, 1 տղա եւ 1 պարային զույգ:

«Չեմ կարող ասել, թե մեր մասնակիցները փայլում են եւ մեծ ակնկալիքներ ունենք նրանցից: Այս պահին որեւէ արդյունքի սպասելիք չունենք: Միայն այն, որ մեր մարզիկները հնարավորություն ունեն այս կարգի մրցաշարի մասնակցել, բարձրակարգ մարզիկների հետ, արդեն լավ է: Իսկ արդյունքներ ունենալու համար դեռ տարիների աշխատանք է պետք: Չմոռանանք, որ մարզադպրոցը գործում է 3 տարի»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Հոկտեմբերի 10-13-ը ընթացող մրցաշարի առաջին մրցումային օրը կարճ ծրագիրն է աղջիկներ եւ տղաներ: Ելույթների ժամանակ դահլիճում գրեթե հանդիսատես չկա: Ի դեպ, սահադաշտ մուտքը տոմսերով է. գինը 4000 եւ 6000 դրամ:

«ISU-ի ծրագրում կա կետ, որ մենք իրավունք ունենք վաճառել տոմսեր: Մենք որոշեցինք մուտքն անել տոմսերով, քանի որ այդպես ավելի մակարդակով է: Ամբողջ աշխարհում այդպես է արվում: Ճիշտ է, որ մարդիկ ելույթներին հետեւելու համար անմիջապես մարզադահլիճից, գումար վճարեն»,- նկատեց Մելանյա Ստեփանյանը:

Մրցաշարի ֆավորիտը Ռուսաստանի առաջատար գեղասահորդ, երիտասարդների աշխարհի չեմպիոն 14-ամյա Ալեքսանդրա Տրուսովան է: Կարճ ծրագրում Ռուսաստանի ներկայացուցիչը մեծ առավելությամբ այս պահին առաջատարն է: Տրուսովայի ելույթից հետո սառույց դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 17-ամյա Էլեն Հակոբյանը եւ վաստակեց նվազագույն միավորները, զբաղեցնելով մինչ այդ ելույթ ունեցած մասնակիցների մեջ վերջին տեղը:

Տրուսովայի ելութից հետո մարզադպրոցի սպասասրահում մեծ հերթ էր գոյացել ռուս մարզուհու հետ լուսանկարվելու համար: 14-ամյա մարզուհին ոչ մեկին չէր մերժում եւ սիրով լուսանկարվում էր ինչպես հայ երկրպագուների, մարզիկների, այնպես էլ մասնակից մյուս երկրների ներկայացուցիչների հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով