19:42  ,  10 հոկտեմբերի, 2018

Մեյվեզեր. Նուրմագոմեդովի արարքը պրոֆեսիոնալ չէր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերն անդրադարձել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի վարքին իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից հետո:

«Ծանոթ չեմ այդ տղային, որի հետ հանդիպել էր Մաքգրեգորը, սակայն գիտեմ, որ նա անպարտելի է: Նրա արարքը խիստ ոչ պրոֆեսիոնալ էր: Նա լքեց ութանկյունը եւ կռվի բռնվեց դրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ նրան մեծ տուգանք է սպասվում»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտում Նուրմագոմեդովը հաղթել էր UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում