13:33  ,  10 հոկտեմբերի, 2018

Պալմերի. Ֆլորենտինո Պերեսի պատճառով Ռոնալդուն բոյկոտում է Ազգերի լիգան

Իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին պատմել է, որ Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բոյկոտել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգան: Նրա խոսքով՝ 33-ամյա ֆուտբոլիստը կասկածներ ունի, որ ՈւԵՖԱ-ն ու իր նախկին ակումբ Մադրիդի «Ռեալը» դավադրություն են կազմակերպել իր դեմ, գրում է Tuttomercatoweb-ը:

Ռոնալդուն կարծում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրենից վրեժ է լուծում ակումբից հեռանալու համար: Պորտուգալացի հարձակվողը վստահ է, որ Պերեսն ՈւԵՖԱ-ին համոզել է Ռոնալդուն չշնորհել 2017/18թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը բաժին հասավ Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Ռոնալդուն նաեւ կասկածում է, որ Ֆլորենտինո Պերեսն է կանգնած իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքի հետեւում:

Այդ պատճառով Պորտուգալիայի հավաքականի ավագը որոշել է չմասնակցել Ազգերի լիգայի հանդիպումներին:

Հիշեցնենք, որ վերջերս ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրել էր բռնաբարություն կատարելու մեջ: Մայորգայի հաղորդման համաձայն՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր եւ քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում:

Մայորգայի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը Ռոնալդուից 200 հազար դոլար փոխհատուցում են պահանջում տեղի ունեցածի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում