21:47  ,  9 հոկտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ

Հայաստանի հավաքական վերադարձած ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Երեւանում հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

«Հայաստանում ամեն ինչն ես կարոտում, այդպիսի բան չկա, որ կարոտած չլինեմ: Երկու տարուց ավելի է չէի եղել, նախորդ անգամ եղբորս հարսանիքին էի եղել Գյումրիում: Բոլորն էլ տեսնում էին, որ դժվար ժամանակներ են ֆուտբոլիստների համար: Ինձ համար շատ դժվար է եղել հանդիպումները դիտելը: Գիտեմ բոլոր ֆուտբոլիստների ապրումները, գիտեմ՝ ինչքան դժվար է եղել:

Ֆուտբոլիստների համար ամենակարեւորը երկրպագուների աջակցությունն է: Այդ երազանքով եմ եկել, որ նորից մեր երկրպագուներին կտեսնենք ստադիոնում: Եվ դա նորից կոգեւորի, ուժ կտա բոլորիս»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:

Այս հանգստյան օրերին նա «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել էր «Դի Սի Յունայթեդի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղին, որում փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին: 

Յուրա Մովսիսյանը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում