14:42  ,  4 հոկտեմբերի, 2018

«Ղարաբաղի» գլխավոր մարզիչ. Բոլորի համար լավ է, որ Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել Բաքու

Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը Լոնդոնի «Արսենալի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի տնային հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ չի մեկնել Բաքու:

«Չեմ ցանկանում քաղաքականությունը խառնել սպորտի հետ, սակայն երբեմն դա հնարավոր չէ: Նրանք ցանկանում են խնայել նրան ու խուսափել խոսակցություններից: Այստեղ մարզիկներ են ժամանել այդ երկրից: Սակայն Ադրբեջանում կան մարդիկ, որոնք հարազատների են կորցրել այդ կոնֆլիկտի պատճառով, եւ բարդ կլինի զսպել հույզերը: Եթե 5-10 մարդիկ բռնկվեն, ամբոխը եւս կաջակցի նրանց: Բոլորի համար լավ է, որ նա չի ժամանել»,- մարզիչի խոսքը մեջբերում է azerisport-ը:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» - «Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով 20:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում