13:44  ,  1 հոկտեմբերի, 2018

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ շոու

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որին սիրով կհրավիրենք նաեւ ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանին: Լինելու է մեծ շոու եւ բռնցքամարտի սուպերաստղ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանի, Գոռ Երիցյանի եւ Նարեկ Աբգարյանի պրոմոութեր Արամ Դավթյանը:

«2018 թվականի դեկտեմբերի 8-ին Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանում առաջին անգամ անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկո, շոու: Նպատակ ունենք հայաստանյան երեկոյի գլխավոր մենամարտը դարձնել Ավագյան-Սմիրնով զույգը: Դեռեւս նախնական զրույցներ են, ծրագրեր, բայց հստակ որոշված չէ, թե Սմիրնովը կհամաձայնի գալ Հայաստան թե ոչ:

Ինչպես հայտնի է, Արամ Ավագյանի նախորդ մրցակիցը ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սմիրնովն է, որը կայացավ Մոսկվայում սեպտեմբերի 21-ին: Այս մենամարտն ավարտվեց ոչ ոքի եւ Արամ Ավագյանը պաշտպանեց իր գոտին: Մենամարտը հավասար պայքարում գնաց, քանի որ ոչ Ավագյանը եւ ոչ էլ Սմիրնովը հաղթող կամ պարտվող չէին: Մինչեւ վերջին ռաունդը երկու բռնցքամարտիկներն էլ անզիջում պայքար էին տանում եւ որեւէ մեկը չէր ցանկանում զիջել մյուսին: Բայց քանի որ վերջին երկու ռաունդներում Ավագյանը հաղթանակ տոնեց, մենամարտն ավարտվեց ոչ ոքի, իսկ գոտին մնաց Ավագյանին:

Մենամարտից հետո մոտեցա Սմիրնովի թիմին եւ հետաքրքրվեցի՝ կցանկանան արդյոք երկրորդ մենամարտ, ասացին՝ այո: Ի դեպ, Մոսկվայի դահլիճում շատ լավ էներգիա կար եւ, բնականաբար, մեծ թվով երկրպագուները Սմիրնովի կողմնակիցներն էին: Այս ամենը տեսնելով, որոշեցի, որ հաջորդ մենամարտը պետք է կազմակերպենք Հայաստանում եւ շատ լավ կլինի, որ այդ երեկոյի գլխավոր մենամարտը լինի Ավագյան-Սմիրնով երկրորդ հանդիպումը:

Այժմ բանակցությունների փուլում ենք: Արդեն ընտրել ենք վայրը՝ Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը, որտեղ կտեղավորվի շուրջ 1700 հանդիսատես: Մուտքը կլինի տոմսերով՝ ամենաէժանը 5000 դրամ, ապա 10000, այդպես ըստ կատեգորիայի: Կգործի նաեւ հատուկ vip գոտի, որի տոսմերը կարժենա մի քանի 100 դոլար:

Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 7-8 մենամարտ: Պայքարի մեջ կլինեն տարբեր երկրներում բնակվող եւ մարզվող հայ բռնցքամարտիկներ, ինչպես նաեւ մեր 3 պորֆեսիոնալ բռնցքամարտիկները:

Մեծ կազմով հյուրեր կունենանք բռնցքամարտի աշխարհի, նախատեսում ենք նաեւ բռնցքամարտի գերաստղերից մեկին հրավիրել Հայաստան, բայց թե ում, դեռեւս չենք հայտնի քանի դեռ հստակ պատասխանը չունենք: Հայաստանի պաշտոնատար անձինք եւս կլինեն հյուրերի ցանկում, նաեւ ցանկություն ունենք սիրով հրավիրել ՀՀ վարչապետին:

Իրականում շատ բարդ է նման երեկո Հայաստանում կազմակերպելը, երկրպագուների ուշադրությունը գրավելը, այս ամենը մի քանի 100 հազար դոլար բյուջե ունեցող նախագիծ է: Բայց կփորձենք անմոռանալի երեկո կազմակերպել, որպեսզի Հայաստանը եւս դառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկիր, հայ հասարակությունը մոտիկից ծանոթանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոների մշակույթին, ապրի այդ տոնը, ինչպես աշխարհում է ընդունված»,- ասաց Արամ Դավթյանը:

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից Արամ Ավագյանի խոսքով, մեծ պատասխանատվություն կլինի հայրենիքում, հայ հանդիսատեսի համար մենամարտելը:

«Սա իսկապես շատ կարեւոր է յուրաքանչյուրիս համար: Ամեն մենամարտի պատրաստվում ենք մեծ պատասխանատվությամբ եւ ոգեւորությամբ, բայց Հայաստանում կայանալիք մենամարտին կրկնակի մեծ ոգեւորությամբ եւ կրկնակի պատասխանատվությամբ կպատրաստվենք եւ պատվով այն կանցկացնենք»,- ասաց Արամ Ավագյանը:

Գոռ Երիցյանն էլ նշեց, որ ուրախ է հայ երկրպագուներին պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ մոտիկից ծանոթացնելու հնարավորություն ունենալու համար:

«Յուրաքանչյուր մենամարտի մեկնելիս պայքարում ենք հաղթանակի, մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Եվ ամեն անգամ այդ մենամարտերին մեկնում ենք առանց մեծ թվով երկրպագուների, հարազատների, ծնողների: Սա շատ լավ հնարավորություն կլինի բոլորիս ընտանիքների, ընկերների եւ նաեւ երկրպագուների համար իրականում տեսնել, թե ինչպես ենք մենք պայքարի մեջ մտնում պրոֆեսիոնալ ռինգում պաշտոնական մենամարտերում»,- նկատեց Գոռ Երիցյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս