19:49  ,  27 սեպտեմբերի, 2018

Օլ. չեմպիոն Արսեն Գալստյան. Հայաստանում կան մեծ ներուժով պատանիներ եւ չեմպիոն դառնալու համար հիանալի պայմաններ (ֆոտո)

Հայաստանում կան մեծ ներուժով պատանիներ եւ հիանալի պայմաններ ապագա չեմպիոններ  ունենալու համար: Շատ եմ ուզում՝ իմ հայրենիքն էլ ունենա ձյուդոյի օլիմպիական չեմպիոններ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը (Ռուսաստան):

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնն այս օրերին Հայատանում է: Եկել է հայրական գյուղ ընտանիքի՝ կնոջ եւ 3-ամյա որդու հետ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, օգտվելով առիթից, Արսեն Գալստյանին հրավիրել էր պատանիների ձյուդոյի Հայաստանի հավաքականի հետ մարզում անցկացնելու:

Սեպտեմբերի 27-ին «Օլիմպավանում» Արսեն Գալստյանը բաց մարզում անցկացրեց պատանի ձյուդոիստների հետ: Ի դեպ, պատանիների ձյուդոյի Հայաստանի հավաքականը միայն մեկ ներկայացուցիչ է ունենալու Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում. 55 կգ քաշային Յուրի Իսրաելյանը: Օլիմպիական չեմպիոնի հետ մարզմանը մասնակցեց նաեւ միակ պատանի օլիմպիականը:

«Ինձ ամեն անգամ հաճելի է գտնվել իմ հայրենիքում: Այսօր մարզեցի հայ պատանի ձյուդոիստներին: Ուրախ եմ, որ ընկերներս եւ Հայաստանի ֆեդերացիան տվեց ինձ այս հնարավորությունը: Այժմ ես Ռուաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 2-րդ մարզիչն եմ: Սիրում եմ պատանիների հետ աշխատել: Հայ ձյուդոիստները մեծ տաղանդ ունեն եւ նկատեցի՝ աշխատասեր են: Նրանց ասացի, որ խնդիր չունեն մեծ բարձունքների հասնելու, միան ցանկություն է պետք: Իսկ մենք իրենց տարիքում այսպիսի պայմաններ չենք ունեցել»,- ասաց Արսեն Գալստանը:

Օլիմպիական չեմպիոնին երեւանյան բաց մարզմանն օգնեց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապեյանը: Մարզմանը հետեւում էր նաեւ Արսեն Գալստյանի 3-ամյա որդին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով