11:24  ,  27 սեպտեմբերի, 2018

Ռոման Բերեզովսկին ու Միհրան Հարությունյանը` Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ Եվրոպայի լիգայի արտագնա հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ հարցին:

«Հենրիխի մոտ երկակի իրավիճակ է: Նա ինքը պետք է որոշի՝ մեկնել, թե՝ ոչ: Ինչիպիսին էլ լինի այդ որոշումը, այն պետք է կայացնեն խաղացողն ու ՈւԵՖԱ-ն: Կարծում եմ՝ Բաքվում կլինի անվտանգ»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է sport24.ru-ն:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

«Միանշանակ, Հենրիխը պետք է մեկնի, եթե կա այդպիսի հնարավորություն: Եթե ընդունում են ու չեն դնում պայմաններ, որ Հենրիխին չեն ընդունի այնտեղ, ապա ինչո՞ւ ոչ:

Ես նույնպես եղել եմ Արցախում, բայց Բաքու մեկնելիս խնդիրներ չառաջացան: Իհարկե, ես այդ ժամանակ Բաքուն տեսա ավտոբուսից՝ օլիմպիական ավան մեկնելիս:  

Մրցումների ժամանակ ճնշում, իհարկե, զգացի: Հսկայական տրիբունաները, հազարավոր մարդիկ սուլում էին ու ոտքերով հարվածում հատակին: Իհարկե, զգում ես ոչ բարի վերաբերմունք, սակայն, հավատացեք, դա բացարձակապես չէր խանգարում:

Ես լավ եմ վերաբերվում ադրբեջանցիներին: Հաղորդակցվում եւ ընկերություն եմ անում այնտեղից շատերի հետ, ազնիվ տղաներ են: Յուրաքանչյուր ազգում կան մարդիկ, որոնք կարող են դուր գալ մեզ եւ հակառակը: Փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել լավ մարդկանց հետ»,- ասել է Միհրան Հարությունյանը, որը արծաթե մեդալ էր նվաճել 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Արսենալի» մրցակիցներն են ադրբեջանական «Ղարաբաղը», ուկրաինական «Վորսկլան» ու Լիսաբոնի «Սպորտինգը»: «Վորսկլայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում