19:40  ,  26 սեպտեմբերի, 2018

Օզբիլիս. Առայժմ չգիտեմ՝ կհասցնեմ ապաքինվել մինչեւ Հայաստանի թիմի խաղերը, թե ոչ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է վնասվածքի մասին, որի պատճառով բաց է թողել հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նախորդ երկու հանդիպումները:

«Ախտորոշել են ծնկատակի ջլի վնասվածք, որի պատճառով արդեն երկու հանդիպում եմ բաց թողել: Շարունակում եմ վերականգնողական փուլը: Առայժմ չգիտեմ՝ կհասցնեմ ապաքինվել մինչեւ Հայաստանի թիմի խաղերը, թե ոչ»,- ասաց 28-ամյա ֆուտբոլիստը:

Օզբիլիսը բաց է թողել սեպտեմբերի 22-ին եւ 25-ին տեղի ունեցած հանդիպումները «Ֆորտունայի» (4:4) եւ «Վոլենդամի» (2:1) դեմ:

Օզբիլիսը խաղադաշտ դուրս չի եկել «Էկսելսիորի» դեմ Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրի խաղից (2:2) հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Այդ խաղում նա մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում հոկտեմբերի 13-ին կմրցի Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի հետ: 

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով