15:38  ,  26 սեպտեմբերի, 2018

Արթուր Գեւորգյան. Ընդվզումները դեռ շարունակվում են եւ արդեն ոչ արդար քայլերով

Եթե այդքան տղամարդ եք, եկեք ձեր սիրելի լրատվամիջոցներով բաց քննարկման, այլ մի թաքնվեք մի խումբ բողոքողների հետեւում: Ես այօր հրավիրել էի քննարկման դժգոհող կողմերին, բայց այն մարդիկ, ովքեր ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպման էին գնացել, նրանցից որեւէ մեկն այսօր չի ներկայացել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀԲՖ արտահերթ ժողով-հավաքը: Հավաքի նպատակը հայկական բռնցքամարտում եւ ֆեդերացիայում առաջացած պառակտման, խմորումների պատճառների բարձրաձայնումն էր եւ քննարկումը: Սակայն ժողովին ներկայացել էին միայն ՀԲՖ նորընտիր նախագահի համախոհները, որոնք պաշտպանում են Արթուր Գեւորգյանի շահերը եւ 12-րդ համագումարում կողմ էին քվեարկել նրա նախագահությանը:

Բողոքող կողմը, որի ղեկավարն, ի դեպ կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն է, չէին ներկայացել:

«Ես անձամբ զանգահարել եմ բոլորին, ում հեռախոսահամարն էլ չունեմ, խնդրել եմ ընկերների, բարեկամների միջոցով գալ, ներկայանալ այսօրվա ժողովին, քանի որ մարզաձեւի, բռնցքամարտի աշխարհի համար սա շատ կարեւոր հանդիպում է լինելու: Ես այսօր նախատեսում էի չխոսել, բայց քանի որ չկան հակառակ կողմի ներկայացուցիչներ եւ բողոքողներ, ես միայն իմ խոսքը կուղղեմ նրանց, ու նրանց հովանավորներին, որ չփորձեն խաթարել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքները, բաժանարար գիծ մտցնել բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների միջեւ:

Ցավոք, ընդվզումները դեռ շարունակվում են եւ արդեն ոչ արդար քայլերով: Մասնավորապես ՀԱՕԿ-ը ՀՀ սպորտի նախարարությանը ներկայացրել է ստորագրություններով մի նամակ ընդդեմ գործող ֆեդերացիայի, որպեսզի սպորտի նախարարությունը ճանաչի ոչ թե մեր ֆեդերացիան, այլ իրենց կողմից հիմնված նոր ինչ-որ ֆեդերացիա: Այդ նամակում ընդգրկված են մի խումբ մարդկանց ստորագրություններ, որոնց հիմնական մասը մեր ֆեդերացիայի օբյեկտիվ պատճառներով հեռացված, նեղացած նախկին ավագ սերնդի մարզիչներ են, որոնց հետ ֆեդերացիան վաղուց այլեւս չի աշխատում: Կան նաեւ ֆեդերացիայի անդամ մարզիչների, ներկայացուցիչների ստորագրություններ: Պարզեցի, որ այդ ստորագրությունների հիմնական մասը կեղծված են, անձամբ զանգ տվեցի ոմանց եւ ինձ հայտնեցին, որ որեւէ թուղթ չեն ստորագրել: Իսկ ովքեր էլ ստորագրել են, խաբվել են, իբր ստորագրում են ժողովին մասնակցելու համար: Ստորագրություն կեղծելը հանցագործություն է, քրեորեն պատժելի արարք»,- ասաց ՀԲՖ նախագահը:

ՀԲՖ նախագահը հայտարարել էր, որ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ եւ բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում