18:12  ,  25 սեպտեմբերի, 2018

Երեւանում բացվեց «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում սեպտեմբերի 25-ին բացվեց «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնն իրականացնելու է սպորտային բժշկության հետազոտություններ։ Այստեղ մասնավորապես գործելու է սրտաբանական, վերականգնողական շարժաթերապեւտիկ բաժին, ժամանակակից տեխնիկայով հագեցած սմարթ լսարան։

Կենտրոնի բացմանը ներկա էր ՀՀ Սպորտի նախարար Լեւոն Վահրադյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ սպորտի նախարարը հույս հայտնեց, որ կենտրոնը կծառայի հայկական սպորտին եւ կնպաստի մարզիկների առողջական, վնասվածքային խնդիրների օպերատիվ հայտնաբերմանը։

«Սպորտ Կաբ» կենտրոնը տարածաշրջանում միակն է։ Քանի որ տեխնոլոգիաների դարում ենք ապրում, ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ նաեւ սպորտում։ Այս կենտրոնը նախատեսված է մարզիկների, հավաքական թիմերի անդամների հենաշարժողական ապարատի, մկանանային համակարգի ուսումնասիրություններ կատարելու, մեր մարզիկների մյուս ֆունկցիոնալ խնդիրները բացահայտելու համար։ Սա մեզ կօգնի օպերատիվ գտնել եւ բացահայտել մեր մարզիկների խնդիրները, ինչն ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը։

Արդեն ունենք նախնական պայմանավորվածություն ԿԳ նախարարի եւ ինստիտուտի ռեկտորի հետ, որ այս կենտրոնը ծառայելու է Հայաստանի ազգային հավաքականների մարզիկներին։ Բայց դեռ յուրաքանչյուր մարզաձեւից 2-3 մարզիկի կծառայի, քանի որ եթե քանակով շատ մարզիկներ այս կենտրոնում հետազոտվեն, ֆինանսական խնդիր առաջ կգա։ Հետագայում արդեն կվերանայենք մեր պայմանավորվածությունը»,- ասաց Լեւոն Վահրադյանը։

«Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնը հնարավորություն ունի հետազոտել մարզիկների սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի աշխատանքը, տեխնիկական եւ արագաուժային պատրաստվածությունը, վերին եւ ստորին վերջույթների մկանների տեղային մկանային դիմացկության ֆունկցիոնալ հնարավորությունները, վարժությունների տեխնիկա, հարվածային շարժումների տեխնիկա, տալ խաղային մարզաձեւերի տարբեր շարժումների համալիր վերլուծություն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում