17:30  ,  25 սեպտեմբերի, 2018

Սպորտի նախարար. Բռնցքամարտում առկա խնդիրը կրկին մեր ուշադրության կենտրոնում է

Բռնցքամարտի ֆեդերացիայում, ցավոք, մինչ օրս կան խմորումներ, բայց նախարարության միջամտությունը արգասաբեր չստացվեց, քանի որ գործող ֆեդերացիան այս ամենի տակ այլ խնդիրների առկայություն տեսավ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Լեւոն Վահրադյանն՝ անդրադառնալով ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի հայտարարությանն այն մասին, որ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ, այդ թվում եւ ՀԲՖ-ի»։

«Տեղյակ չեմ, թե այսօր ինչ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը։ Մենք, որպես սպորտային գերատեսչություն, փորձեցինք երկու կողմերին էլ բարիշացնել, լավ առողջ մթնոլորտ ֆեդերացիայում ստեղծել, բայց մեր միջամտությունը արգասաբեր չեղավ։

Գործող ֆեդերացիայի ղեկավարությունը մեր միջամտությունից հետո ուրիշ այլ երեւույթներ գտան այդ ամենի տակ։ Այս պահին բռնցքամարտում առկա այս խնդիրը կրկին մեր ուշադրության կենտրոնում է, կրկին ուսումնասիրության, վերլուծության փուլում է գտնվում»,- ասաց Լեւոն Վահրադյանը։

Հիշեցնենք, որ ՀԲՖ նախագահը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ եւս մեկ անգամ անդրադարձել է ֆեդերացիայում առաջացած խմորումներին եւ նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մի խումբ մարզիչների պահանջին։ ՀԲՖ նախագահի ընտրությանն անդրադարձել էր նաեւ ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտի նախարարությունը։ Ի դեպ, ՀԲՖ նախագահի հայտարարությունից հետո ֆեդերացիան սեպտեմբերի 26-ին հրավիրել է մեծ հավաք-ժողով, որին հրավիրված են բոլոր շահագրգիռ կողմերը . Հավաք ժողովի թեման լինելու է բռնցքամարտում առկա խնդիրների, մարզիչների, դժգոհություններ հայտնող մասնագետների հուզող հարցերի բարձրացում եւ քննարկում։ Հավաք-ժողովը վարելու է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով