10:23  ,  24 սեպտեմբերի, 2018

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի մրցակիցներն առաջին տուրում

Բաթումում սեպտեմբերի 24-ին մեկնարկելիք Համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ճապոնիայի թիմը: Կանանց Հայաստանի թիմը կմրցի Ղրղզստանի հավաքականի հետ: Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Մինչեւ հոկտեմբերի 5-ը 11 տուրում 185 թիմեր կպայքարեն հաղթողի կոչման համար:

Վարկանիշային առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որը ներկայացված է ուժեղագույն կազմով՝ Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Սեմ Շենքլանդ, Ռեյ Ռոբսոն: Հայաստանի հավաքականն ունի 8-րդ վարկանիշը: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց Հայաստանի թիմը Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012): 2016-ին Օլիմպիադան անցկացվեց Բաքվում, Հայաստանը չմասնակցեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում