21:09  ,  20 սեպտեմբերի, 2018

ՈւԵՖԱ–ն կքննարկի Ռոնալդուի հեռացումը

ՈւԵՖԱ–ն կքննարկի Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Վալենսիա» – «Յուվենտուս» խաղում իտալական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը։ Կազմակերպությունը կարգապահական գործ է բացել, հաղորդում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։

Կքննարկվի խաղացողի գործողությունները, մրցավարի որոշումը, ֆուտբոլիստի նկատմամբ լրացուցիչ պատիժ կիրառելու հարցը։ Գործը կքննվի սեպտեմբերի 27–ին։

Կանոնադրության համաձայն, Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ։ Եթե արձանագրվի, որ Ռոնալդուն թույլ է տվել ոչ մարզական վարք, նա չի մասնակցի նաեւ երրորդ տուրի հանդիպմանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Իսպանիայում հաղթել է 2։0 հաշվով։ 

Հանդիպման 29-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո կարմիր քարտ էր ցույց տվել Ռոնալդուին, որը «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ վիճահարույց բախումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով հրել էր մրցակցի գլուխը:

Դա Ռոնալդուի 11-րդ կարմիր քարտն էր կարիերայում, առաջինը՝ Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում