17:55  ,  20 սեպտեմբերի, 2018

«Ալաշկերտի» պատասխանը «Փյունիկի» գլխավոր մարզիչին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մամուլի ծառայությունն անդրադարձել է «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի մեկնաբանությանը, որը նա արել էր «Ալաշկերտ» ստադիոնում տեղի ունեցած Հայաստանի  Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի` «Արարատի» դեմ խաղից հետո։

«Ալաշկերտի» հայտարարությունում ասվում է.

«Ինձ դուր եկավ խաղը. Շատ լավ մարզադաշտ, խաղի մեկնարկի հաջող ժամ, ֆուտբոլիստները կարող էին ցուցադրել իրենց վարպետությունը, շոգ էր, բազմաթիվ երկրպագուներ էին եկել»,– ասել է Տալալաեւը:

Ռուսաստանցի մասնագետի հերթական սարկաստիկ արտահայտությունները ոչ մի կերպ մեզ չէին հետաքրքրի, եթե չհնչեր արտահայտություն` ուղղված «Ալաշկերտ» մարզադաշտին:

Առաջին հայացքից դրական «Շատ լավ մարզադաշտ» նախադասությունը միանգամայն փոխում է իր իմաստը նույն նախադասությունում հնչած այլ բնութագիրները կարդալուց հետո:

«Խաղի մեկնարկի հաջող ժամ, ֆուտբոլիստները կարող էին ցուցադրել իրենց վարպետությունը, շոգ էր»,- այս միտքը կապված էր հանդիպման վաղ մեկնարկի հետ (14:00), իսկ ահա «Բազմաթիվ երկրպագուներ էին եկել» նախադասությունը` սակավաթիվ հանդիսատեսի հետ:

Այսպիսով, ոչ մի կասկած չի հարուցում ամբողջ նախադասության սարկաստիկ լինելը, այնպես որ հարկ ենք համարում պարզաբանում մտցնել:

Նախ, հարգելով «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին և իր ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում, խաղի նախօրեին «Ալաշկերտ» ակումբը տրամադրել էր իր մարզադաշտը, որպեսզի առանց մարզումային խաղադաշտ մնացած «Փյունիկը» կարողանա նախապատրաստվել ինչպես «Արարատի», այնպես էլ` «Ալաշկերտի» դեմ (սեպտեմբերի 19) հանդիպումներին, ինչն աննախադեպ երևույթ է հայկական ֆուտբոլում:

Եվ երկրորդ, հարց է առաջանում, այդ ինչ մարզադաշտերում է մարզվում կամ խաղում «Փյունիկը», որ թիմի մարզիչն իրեն իրավունք է վերապահում սարկաստիկ ոճով արտահայտվել «Ալաշկերտի» մարզադաշտի մասին, որը ևս մեկ անգամ ընդգծենք, սիրով տրամադրվել էր «Փյունիկին»` թիմի մարզումային պրոցեսը չխախտելու համար

Համարում ենք Տալալաևի արտահայտությունն անընդունելի և ոչ կոռեկտ` կոչ անելով մարզիչին ապագայում ավելի զուսպ գտնվել իր գնահատականներում և «հումորային մեկնաբանություններում».– ասվում է հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով