11:56  ,  20 սեպտեմբերի, 2018

Պյանիչ. Ֆուտբոլը տարօրինակ խաղ է

Իսպանական «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում դուբլի հեղինակ դարձած «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մեկնաբանել է իտալալան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումն այդ խաղում:

«Ֆուտբոլը տարօրինակ խաղ է: Մենք արդեն հանդիպման սկզբում կարող էինք չորս գոլ խփել, բայց հետո տեղի ունեցավ այդ անհեթեթ հեռացումը: Դա ինձ հիշեցրեց «Լիոնի» հետ 2016-ի խաղը: Այն ժամանակ էլ մենք ունեցանք հեռացում, բայց կարողացանք մեր մեջ ուժ գտնել եւ հետագայում նաեւ եզրափակիչ հասնել»,- Պյանիչի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Յուվենտուս» (0:2) հանդիպման 29-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո կարմիր քարտ էր ցույց տվել Ռոնալդուին, որը «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ վիճահարույց բախումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով հրել էր Մուրիլյոյի գլուխը:

Դա Ռոնալդուի 11-րդ կարմիր քարտն էր կարիերայում, առաջինը՝ Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում