09:55  ,  19 սեպտեմբերի, 2018

Վարազդատ Հարոյան. Պետք է ամեն գնով հաղթենք Մակեդոնիայի թիմին (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարզդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր գոլը «Ռոստովի» հետ Ռուսաստանի առաջության 7-րդ տուրի խաղում: Հարոյանը խոսել է նաեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարների մասին:

Վարազդատ, որոշակի դադարից հետո դու վերադարձար «Ուրալի» մեկնարկային կազմ եւ գրավեցիր «Ռոստովի» դարպասը: Պատմիր այդ խաղից քո տպավորությունների մասին:

Շատ բարդ հանդիպում էր: Մենք հաջող խաղացինք: Ափսոս, որ չհասանք հաղթանակի: Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել:

Այս հաջող մրցելույթն ու գոլը կօգնե՞ն քեզ ամրապնդվել «Ուրալի» մեկնարկային կազմում:

Այո, վերջին շրջանում որոշակի խնդիրների պատճառով քիչ էի ստանում խաղաժամանակ: Ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն ստացա եւ օգտվեցի դրանից: Հույս ունեմ, որ դարձյալ կնվաճեմ իմ դիրքը մեկնարկային կազմում:

«Ուրալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովը նշել է, որ խնդիրներ է առաջացնում նաեւ օտարերկրյա խաղացողների լիմիտը:

Այո, մենք մարզիչի հետ մի քանի անգամ խոսել ենք այս թեմայով: Իսկապես, այդ սահմանափակումը ոչ միշտ է թույլ տալիս ինձ դուրս գալ խաղադաշտ: Մեր թիմում շատ են բարձրակարգ խաղացողները, եւ ոչ ոք չի ցանկանում մնալ նստարանին: Հույս ունեմ, որ այդ ամենը շուտով կապացուցեմ իմ աշխատանքով:

Հայաստանի հավաքականն արդեն 2 հանդիպում է անցկացրել Ազգերի լիգայի խմբային փուլում՝ հաղթելով Լիխտենշտեյնին եւ պարտվելով Մակեդոնիային: Ի՞նչ կարող ես ասել այս հանդիպումների վերարերյալ:

Ցավոք, մենք պարտվեցինք Մակեդոնիային, թեեւ առնվազն պետք է չպարտվեինք: Սակայն դեռ պայքարն առջեւում է: Սպասվում են շատ կարեւոր խաղեր հոկտեմբերին: Նախ պետք է հաղթենք Ջիբրալթարի թիմին: Դրանից հետո արդեն կարելի է կենտրոնանալ Մակեդոնիայի հետ կարեւորագույն խաղի վրա եւ հաղթել ամեն գնով:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով