19:54  ,  18 սեպտեմբերի, 2018

Տոտի. Պերեսը մինչեւ հիմա ասում է, որ ես միակն եմ, ում չի կարողացել համոզել

«Ռոմայի» նախկին ավագ, այժմ իտալական ակումբի տնօրենի պաշտոնը զբաղեցնող լեգենդար իտալացի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալը» ժամանակին փորձել պայմանագիր կնքել իր հետ:

«Սկսած 2004 կամ 2005 թվականից «Ռեալն» անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքեր ինձ հետ: Նրանք նույնիսկ իմ անունով 10 համարի խաղաշապիկ ուղարկեցին, բայց հաղթեց իմ սերը «Ռոմայի» նկատմամբ: Ես սիրում եմ այս ակումբը, այս քաղաքը եւ այս անհավանական երկրպագուներին: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ 25 տարի լինել «Ռոմայի» ավագ:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մինչեւ հիմա ասում է, որ ես միակ խաղացողն եմ, ում նա չի կարողացել համոզել տեղափոխվել «Ռեալ»: Նա չէր կարողանում համակերպվել դրա հետ»,- Տոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռեալը» կընդունի «Ռոմային»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում