14:52  ,  18 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնայի» նախագահ. «Յուվենտուսը» Ռոնալդուի հետ կհաղթի Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն համաձայն է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, որ Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կօգնի Իտալիայի չեմպիոններին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Անդրեա Անյելին հեղաշրջում արեց: Ինձ համար տխուր պատմություն է Ռոնալդուի տրանսֆերը, քանի որ Իսպանիայի առաջնությունը Նեյմարից հետո կորցրեց երկրորդ աստղին: Դա բացասական է իսպանական ֆուտբոլի համար: Մադրիդի թուլացումը ինձ չի հետաքրքրում, քանի որ մենք ցանկանում ենք Իսպանիայում տեսնել ուժեղագույններին: Միայն այդ դեպքում կկարողանանք մրցակցել անգլիական Պրեմյեր լիգայի հետ, որն ամենահարուստն է:

Ռոնալդուն կուժեղացնի նաեւ Իտալիայի առաջնությունը, իսկ Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսը» նրա հետ կկարողանա հավակնել գավաթին: Այդ իմաստով, համաձայն եմ Մեսիի հետ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն չորս տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ եւ կստանա տարեկան 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում