16:50  ,  17 սեպտեմբերի, 2018

Հայաստանի թիմը Բաքվից գրավոր երաշխիք դեռ չի ստացել, բայց Թբիլիսիում կպատրաստվի ԱԱ-ին

Ձյուդոյի Հայաստանի թիմը դեռ չի ստացել աշխարհի առաջնությունն ընդունող Ադրբեջանից անվտանգության գրավոր երաշխիք, բայց Թբիլիսիում կպատրաստվի մրցաշարին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնական մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի արտգործնախարարությունից դեռ չենք ստացել Հայաստանի թիմի անվտանգությունը երաշխավորող նամակը, թեեւ աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 3 օր: Ամեն դեպքում հույս ունենք, որ նամակը կստանանք թեկուզ վերջին պահին: Չենք ուզում ժամանակ կորցնել եւ այսօր թիմին ուղեկցում ենք Թբիլիսի, որպեսզի նամակն ստանալուն պես ժամ առաջ թիմը մեկնի Բաքու:

Այս ընթացքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը մարզումներ կանցկացնի վրացի ձյուդոիստների հետ, սփարինգ գոտեմարտերի հնարավորություն կունենա: Եվ եթե վերջապես գա այդ նամակը, ժամանակ չենք կորցնի եւ հենց մեկնարկի օրվանից կլինենք մրցավայրում: Սա ֆեդերացիայի  ընդհանուր որոշումն է, որպեսզի նաեւ զերծ մնանք ճանապարհին մարզիկի հոգնածությունից, կլիմայական գոտուն դժվար համակերպվելուց: Ինչպես արդեն ասել էի՝ Հայաստանը աշխարհի առաջնությունում կունենա մեկ մասնակից՝ մեր ուժեղագույն, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, իսկ նրան մրցավայր կուղեկցի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Իսկ եթե այնպես ստացվի, որ անվանգությունն ապահովող երաշխիքը չստանանք, թիմը կվերադառնա Հայաստան: Օգուտ կմնան Վրաստանի թիմի հետ մարզումները»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 20-27-ը Բաքվում: Հայաստանի մասնակցությունը դեռ հաստատված չէ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում