22:09  ,  10 սեպտեմբերի, 2018

ITF. US Open-ի եզրափակիչում Ս. Ուիլյամսի նկատմամբ մրցավարը ոչ մի կանոն չի խախտել

Թենիսի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի մրցավար Կարլոս Ռամոսի որոշումներին, որոնք եզրափակիչի մասնակից, ամերիկացի Սերենա Ուիլյամսը համարել էր անօրինական եւ կորտում վիճել էր մրցավարի հետ:

«Կարլոս Ռամոսն ամենափորձառու եւ հարգելի մրցավարներից մեկն է: Նրա որոշումները ամբողջովին համապատասխանել են գործող կանոններին: Երեք զգուշացումներից հետո տուգանային գեյմը Ուիլյամսի դեմ հաստատել էր նաեւ US Open-ը: Անկասկած, այդ աղմկահարույց եւ ցավալի միջադեպը պետք է հրահրեր քննարկումներ: Սակայն կարեւոր է հիշել, որ Ռամոսը կատարել է իր պարտականությունները հաստատված կանոնների համաձայն: Նա միշտ դրսեւորել է պրոֆեսիոնալիզմ եւ բարեխղճություն»,- ասվում է ITF-ի հայտարարությունում:

Եզրափակիչից հետո Սերենա Ուիլյամսը հայտարարել էր.

«Մրցավարին գող եմ համարում, քանի որ նա գողացավ իմ միավորը: Նա ինձ մեղադրեց խարդախության մեջ: Ես մարզիչիս հետ չէի խոսել: Ես տեսել եմ, թե ինչպես են տղամարդկանց մրցաշարերի ժամանակ թենիսիստները խոսում: Ես պայքարում եմ կանանց իրավունքների ու հավասարության համար: Այն, որ ես գող անվանեցի մրցավարին եւ նա միավոր հանեց ինձնից, դա նման է սեքսիզմի: Նա երբեք միավոր չի հանել տղամարդկանցից, երբ նրանք նույնն են ասել»:

Հիշեցնենք, որ եզրափակիչում 36-ամյա Սերենա Ուիլյամսը պարտվել է 20-ամյա ճապոնացի Նաոմի Օսակային: Երկրորդ սեթում երեք զգուշացումից հետո Ուիլյամսը զրկվեց մեկ գեյմի միավորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս