13:33  ,  10 սեպտեմբերի, 2018

Էդգար Ստեփանյան. Բոլորին հաղթեցի 2 շրջանի առավելությամբ (ֆոտո)

Ուրախ եմ, որ կարողացա հաղթել նաեւ վարկանիշային մրցաշարում: Լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ նույն ոգով շարունակել պայքարը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օմսկից ասաց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը:

Ռուսաստանի Օմսկ քաղաքում սեպտեմբերի 7-9-ը կայացած «Գրան պրի» վարկանիշային մրցաշարում Էդգար Ստեփանյանը հավասարը չի ունեցել սկրեչ մրցաձեւում: Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողություններից հետո նա պայքարը սկսել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Էդգար Ստեփանյանը պետք է տեղ զբաղեցնի 24 լավագույն հեծանվորդների շարքում, որպեսզի հնարավորություն ստանա մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը եւ աշխարհի առաջնությանը:

«Սկրեչ մրցաձեւում հավաքեցի 100 միավոր՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Բոլորին հաղթեցի 2 շրջանի առավելությամբ: Օմսկի եւ Աստանայի մրցաշարերը վերջինն են, որ տալիս են վարկանիշային միավորներ աշխարհի գավաթի խաղարկության եւ աշխարհի առաջնության համար: Օմսկի մրցաշարին մասնակցում էին մարզիկներ 13 եվրոպական երկրներից եւ Ռուսաստանի տարբեր շրջաններից: Այս մրցաշարում մասնակցեցի նաեւ օմնիում ձեւում, որում գրավեցի երկրորդ տեղը՝ առաջին տեղին զիջելով ընդամենը 1 միավոր:

Օմնիումում եւս իմ մասնակցությունից գոհ եմ, քանի որ միայնակ եմ պայքարում նրանց դեմ, իսկ ամեն երկիր յուրաքանչյուր ձեւում ունի է 3-4 ներկայացուցիչ: Ես միայնակ նրանց հաղթում եմ: Այժմ լավ մարզավիճակում եմ, պատրաստվում եմ Աստանայի մրցաշարին: Առայժմ Օմսկում եւ եւ մեկ օր անց նոր մեկնելու եմ Աստանա: Առիթից օգտվում եմ եւ մարզվում մինչեւ մեկնելս: Պետք է Աստանայում էլ լավ արդյունք գրանցեմ: Նախքան Օմսկ մեկնելը վարկանիշային աղյուսակում 24-րդն էի եւ ունեի 635 միավոր: Այժմ միավորներս 100-ով ավելացել են, իսկ լավագույն 24-ի մեջ, հավանաբար, կլինեմ 18-20-ի մեջ»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Աշխարհի գավաթի հաջորդ փուլը կայանալու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սեպտեմբերի 12-14-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում