00:14  ,  10 սեպտեմբերի, 2018

Մակեդոնիա - Հայաստան. Մարզիչների կարծիքները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Մակեդոնիայի ազգային հավաքականների միջեւ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Վարդան Մինասյան. «Մակեդոնիայի հավաքականը չզարմացրեց, շնորհավորում եմ նրանց։ Դարձյալ չօգտագործեցինք գոլային պահերը, ինչի համար պատժվեցինք:

Մակեդոնիան ունեցավ 2.5 պահ եւ խփեց 2 գոլ: Մեզ մոտ կա թիմային խաղ, սակայն պետք է բարելավենք որակը եւ օգտագործեինք մեր հնարավորությունները»:

Իգոր Անգելովսկի. «Սա շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար: Ցանկանում էինք Ազգերի լիգայում մեկնարկել 2 հաղթանակով, ինչը ստացվեց: Սակայն ոչինչ դեռ ավարտված չէ, ունենք եւս 4 հանդիպում, որոնցում պետք է լինենք ավելի լավը: Տղաներին շնորհավորում եմ հաղթանակի, մարտական ոգու եւ նվիրվածության համար, բայց հաջորդ խաղերում պետք է ավելացնենք»,- փոխանցում է ekipa.mk-ը:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2:0 հաշվով: Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի տանը: Հոկտեմբերի 13-ին մրցակիցը կլինի Ջիբրալթարի հավաքականը, իսկ այդ խաղից 3 օր անց տեղի կունենա մակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 2:1 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին, իսկ մակեդոնացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Ջիբրալթարի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում