18:10  ,  9 սեպտեմբերի, 2018

Սերենա Ուիլյամսը US Open-ի եզրափակիչի մրցավարին մեղադրել է սեռական խտրականության մեջ

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն անդրադարձել է ճապոնացի Նաոմի Օսակայի դեմ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ մրցախաղին, որում նա պարտվել էր 2 սեթում: Երկրորդ սեթի ժամանակ ամերիկացի թենիսիստուհին տուգանային գեյմ էր ստացել մրցավարին անպատվելու համար: Մրցավարը նրան զգուշացում էր տվել այն բանից հետո, երբ նա տրիբունայից հուշում էր ստացել իր մարզիչից:

«Ես ու մարզիչս չունենք ազդանշաններ, եւ երբեք չենք քննարկել դա: Ես երբեք մարզիչիս չեմ կանչում կորտ: Չեմ հասկանում, թե ինչու է մարզիչս ասել, որ հուշել է ինձ: Գուցե նա այլ բան էր ասել ինձ: Պետք է պարզեմ, թե ինչ նկատի ուներ նա: Համաձայն չեմ այն բանի հետ, որ մրցավարները զգուշացում տվեցին ինձ, քանի որ մարզիչս չի օգնել ինձ:

Մրցավարին գող եմ համարում, քանի որ նա գողացավ իմ միավորը: Նա ինձ մեղադրեց խարդախության մեջ:

Ես տեսել եմ, թե ինչպես են տղամարդկանց մրցաշարերի ժամանակ թենիսիստները խոսում մրցավարի հետ: Ես պայքարում եմ կանանց իրավունքների ու հավասարության համար: Այն, որ ես գող անվանեցի մրցավարին եւ նա միավոր հանեց ինձանից, դա նման է սեքսիզմի: Նա երբեք միավոր չի հանել տղամարդկանցից, երբ նրանք նույնն են ասել իրեն: Դա չի տեղավորվում գլխումս: Կշարունակեմ պայքարել կանանց իրավունքների համար: Օրինակ, որ Ալիզե Կորնեն հանի իր շապիկը եւ չպատժվի դրա համար»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է US Open-ի կայքը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Նաոմի Օսական դարձել էր պատմության առաջին ճապոնացի թենիսիստը, որը հաղթում է «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Նա այս տարվա մարտին Սերենա Ուիլյամսին հաղթել էր նաեւ Մայամիի մրցաշարում:

Այս տարի US Open-ի կանանց մենախաղի հաղթողի կոչումը չէր կարողացել պաշտպանել ամերիկուհի Սլոան Սթիվենսը, որը պայքարը լքել էր քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում