20:09  ,  7 սեպտեմբերի, 2018

Բաքվում հայ ձյուդոիստից հաղթանակ խլել չեն կարող

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնական մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը չի բացառում, որ Հայաստանի թիմը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Այդ մասին նա ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Սեպտեմբերի 20-27-ը Բաքվում կայանալու է ձյուդոյի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի մասնակցությունը դեռ հաստատված չէ։

Պարոն Հովհաննիսյան, սեպտեմբերի 20-ին Բաքվում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի թիմը մասնակցելո՞ւ է ԱԱ-ին։

Դեռ որեւէ հստակ պատասխան չեմ կարող տալ մեր մասնակցության մասին։ Մինչ այս որոշված էր, որ չենք մասնակցելու, քանի որ կային որոշակի խնդիրներ։ Բայց վերջին դեպքերը փոխել են իրադարձությունների ընթացքը եւ շատ հավանական է, որ Հայաստանի թիմը մեկնի Բաքու եւ մասնակցի աշխարհի առաջնությունը։

Բանն այն է, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան նամակով դիմել էր Հայաստանի սպորտի նախարարությանը՝ հստակ որոշելու եւ պատասխան տալու թիմի մասնակցության վերաբերյալ։ Սպորտի նախարությունը գրեց ՀՀ վարչապետին, վերջինս էլ Հայաստանի արտգործնախարարությանը դիմեց Հայաստանի համար Ադրբեջանից թիմի անվտանգության ապահովումը երաշխավորող նամակ ստանալու պահանջով։ Արտաքին գործերի նախարարությունից ստացանք պատասխան, որ Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի գտնում հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանը գրավոր չի ապահովում մարզիկների անվտանգությունը։

Մեր որոշումը հստակ կայացվեց, եւ մենք այդ մասին տեղեկացրինք ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին։ Նույնն ասացինք նաեւ եվրոպական ֆեդերացիայի նախագահին։ Երկու ֆեդերացիաների նախագահներն էլ պատասխանեցին, որ հույս ունեն, մենք դեռ կփոխենք մեր որոշումը եւ հյուրընկալող երկրի հետ կգանք ընդհանուր հայտարարի։

Որքան էլ  միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների նախագահները հույս են հայտնել, որ Հայաստանը կմասնակցի ԱԱ-ին, ամեն դեպքում միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջնության մասնակից երկրների ցուցակում Հայաստանը նշված չէ։

Առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ մասնակցության հայտերի ընդունումն ավարտվում է, համակարգիչը փակում է եւ այլեւս որեւէ կերպ չես կարող գրանցվել։ Մենք չէինք կարող գրանցվել, քանի դեռ Ադրբեջանը գրավոր մեր երկրի Արտգործնախարարությանը չէր գրել, որ ապահովում է մեր թիմի անվտանգությունը։ Բնական է, որ պետք է չգրանցվեինք եւ չմասնակցեինք։ Բայց արդեն 2 օր է, իրադարձություններն այլ ընթացք են ստացել՝ Հայաստանի մասնակցության հարցին միջամտել են միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները։ Այս երկու ֆեդերացիները շատ վրդովված են, որ քաղաքական հայացքների պատճառով հյուրընկալող կողմը գրավոր չի ապահովում տվյալ երկրի անվտանգությունը։ Աշխարհի եւ Եվրոպայի ֆեդերացիաները միշտ եղել են ազդող կողմ, որ սպորտը որեւէ հարցում չքաղաքականացվի։

Բայց Ադրբեջանի այս բռնցած դիրքը լրիվ այլ բան է հուշում։ Սա կարող է նաեւ վնասել հյուրընկալող երկրին, քանի որ ընդգծված քաղաքական հայացների պատճառով հետագայում տվյալ երկիրը կարող է զրկվել աշխարհի, Եվրոպայի առաջնություններ անցկացնելու հնարավորությունից։ Հյուրընկալող երկրիրը հայտարարել է, որ ապահովում է մասնակից բոլոր երկրների թիմերի անվտանգությունն իր տարածքում, այդ մասին մեզ ասաց նաեւ միջազգային ֆեդերացիան, բայց մենք մեր կառավարության հստակ դիրքորոշումն ենք ներկայացնում, որ մինչեւ Ադրբեջանը հատուկ գրավոր չտա Հայաստանի թիմի անվտանգության երաժխիքներ, մենք չենք մեկնի Բաքու։

Ինչի՞ն եք սպասում այժմ, եթե հաշվի առնենք, որ մասնակցության հայտ ներկայացնելու հնարավորություն Հայաստանն այլեւս չունի։

Միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների նախագահներն այժմ շատ մեծ ճնշում են գործադրում հյուրընալող երկրի վրա, որ Ադրբեջանն անպայման Հայաստանին գրավոր երաշխավորի թիմի անվտանգությունը։ Այժմ սպասում ենք նամակին, եթե ստանանք մինչեւ սեպտեմբերի 20-ը, կմեկնենք։ Մասնակցության հայտ ներկայացնելու հարցում էլ խնդիր չենք ունենա, քանի որ միջազգային ֆեդերացիան մեզ բացառություն կանի եւ մենք անմիջապես մրցավայրում կգրանցվենք։

Մասնակցության դեպքում ովքե՞ր հանդես կգան աշխարհի առաջնությունում։

Հայաստանը աշխարհի առաջնությունում կունենա մեկ մասնակից՝ Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը։ Նրան Բաքու կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած կլինի երկու անդամից։ Մենք գնում ենք միայն ուժեղի հետ։ Տարեկսզբից սպասում էինք այդ անվտանգության երաշխիքին, որպեսզի թիմ պատրաստեինք, բայց քանի որ այդպես էլ չստացանք, որոշեցինք, որ միայն կմասնակցի այն մարզիկը, ով այժմ լավ մարզավիճակում է, պատրաստ է պայքարի եւ մեդալի իրական հավակնորդ է։

Պարոն Հովհաննիսյան, բացի անվտանգության ապահովման խնդրից, ֆեդերացիան, մարզչական շտաբը եւ մարզիկն անձամբ ցանկություն ունե՞ն մեկնել Բաքու։

Պայմաններին, Հայաստանի թիմերի նկատմամբ ընդգծված վերաբերմունքին շատ լավ ծանոթ ենք, գիտենք, որ այնտեղ մեզ տեսնելու ցանկություն առանձնապես չունեն։ Ի հակառակ դրան, մենք ուզում ենք մասնակցել, Ֆերդինանդը՝ եւս։ Ինձ համար Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնելն ու հիմնը հնչեցնելն ավելի մեծ առավելություն է, քան Օլիմպիական խաղերը։ Սա պատվի հարց է։ Ինչի՞ց վախենանք եւ չմեկնենք Բաքու, ինչո՞ւ չմասնակցենք  աշխարհի առաջնությանը։

Այսինքն՝ մասնակցության դեպքում մեդալի ակնկալիք կա՞, նույնիսկ չեմպիոնական ոսկո՞ւ։

Միանշանակ։ Մենք գիտենք, թե գնալու դեպքում մեզ այնտեղ ինչ է սպասվելու։ Բայց վստահեցնում եմ, որ մեր ձյուդոիստից այնտեղ հաղթանակ չեն կարող խլել, ձյուդոյում անարդար մրցավարություն ասվածը չկա, եւ մենք վստահ մեդալի հավակնորդ ենք։ Սա էլ է պատճառներից մեկը, որ մեզ այդ երաշխիքները չեն տալիս, քանի որ գիտեն գործող Եվրոպայի չեմպիոնը միանշանակ փորձելու է նաեւ աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել։  Մասնակցության դեպքում չունենք այն մտավախությունը, որ մեզ թույլ չտան Բաքվում մեդալ նվաճել, Հայաստանի դրոշը բարձրացնել։ Մեր մարզիկը շատ ուժեղ է, այդ հարցով վստահ ենք։ Եթե նա հաղթեց, նրանից հաղթանակ չեն գողանա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս