19:19  +04,  31 օգոստոսի, 2018

Արսեն Բեգլարյանը՝ Լատվիայի առաջնության եւ Ազգերի լիգայի առաջիկա խաղերի մասին (ֆոտո)

Ազգերի լիգայի առաջիկա խաղերում սպասում եմ ծանր պայքար, ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում: 25-ամյա ֆուտբոլիստը մի քանի ամիս է ներկայացնում է «Լիեպայա» ակումբը: Նա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Երեւանի «Ալաշկերտից» տեղափոխվեց Լատվիա:

Վարդան Մինասյանը Արսեն Բեգլարյանին հրավիրել է Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 6, Երեւան) եւ Մակեդոնիայի (սեպտեմբերի 9, Սկոպյե) հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղերին:

Արսեն, ինչպե՞ս են գործերդ Լատվիայի առաջնությունում: Կարճ ժամանակում դարձար թիմի հիմնական դարպասապահը:

Լատվիայի առաջնությունը հիմա ամենաթեժ փուլում է, այն անցկացվում է գարուն-աշուն համակարգով: Մեր նվազագույն խնդիրը եվրագավաթային մրցաշարի ուղեգիր նվաճելն է, եւ մենք լիովին կենտրոնացած ենք այդ նպատակի վրա: Իմ կողմից առավելագույն ջանք եմ գործադրում թիմին օգուտ տալու համար: Հիմա մշտապես խաղում եմ, ինչը կարեւոր է: Ձգտում եմ լիարժեք արդարացնել ակումբի վստահությունը:

Ի՞նչ կարող ես ասել «Լիեպայայի» եւ Լատվիայի առաջնության խաղամակարդակի մասին:

Հավանում եմ Լատվիայի առաջնությունը, կան յուրօրինակ եւ ինքնատիպ թիմեր: Առանձնանում է ֆավորիտների հնգյակը, որի մեջ ենք նաեւ մենք: Կա հետնապահների եռյակ: Հետաքրքիր առաջնություն է, անցողիկ խաղեր չկան, ամեն խաղում բախվում ես նոր բանի:

Մեր թիմի խաղաոճը ցածրից բազմաթիվ փոխանցումներն են: Ես շատ եմ հավանում այդ ոճը, քանի որ պահանջում է նաեւ դարպասապահի ներգրավվածությունը, օգնություն խաղարկումների ժամանակ եւ պաշտպանությանը: Պետք է միշտ զգոն լինես եւ պատրաստ անկանխատեսելի ընթացքի:

Այս ամռանը դու մասնակցեցիր շվեդական «Հեկենի» դեմ Եվրոպայի լիգայի ընտրական խաղերի: «Լիեպայան» երկու հանդիպումներում պարտվեց ընդհանուր 2:4 հաշվով: Պատմիր այդ խաղերից քո տպավորությունների մասին:

Ցավալի պարտություն էր, քանի որ մրցակիցը հավասար էր մեզ: Կարելի է ասել, որ դիմակայության ելքը վճռվեց առաջին, տնային հանդիպման 10 րոպեում: Մենք բաց թողեցինք անտրամաբանական գոլ եւ հետո հավանաբար կորցրեցինք կենտրոնացումը եւ չկարողացանք դիմադրել:

«Հեկենի» կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք կարողացան օգտվել իրենց հնարավորություններից: Պատասխանը խաղում մենք փորձեցինք ապացուցել, որ տանը 0:3 հաշվով պարտությունը արդար արդյունք չէր: Շվեդիայում հաղթեցինք 2:1 հաշվով: Խաղից հետո իմացանք, որ «Հեկենը» տանը 1.5 տարի պարտություն չէր կրել:

Հրավեր ես ստացել Հայաստանի հավաքականից Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերին: Ի՞նչ սպասելիքներ ունես այդ հանդիպումներից եւ մրցաշարից:

Իհարկե, բոլորս մեզնից սպասում ենք լավագույն խաղ եւ հաղթանակներ, բայց ֆուտբոլիստները չեն կարող ապրել միայն սպասումներով: Առաջին հերթին՝ պետք է կենտրոնանանք մարզումների վրա: Այդպիսի խաղերում շատ բան որոշում է հոգեբանությունը: Պետք է օգտագործենք մեր շանսերը, որոնք լավն են: Բայց նաեւ չի կարելի թերագնահատել մրցակիցներին: Միավորների կորուստը շատ անցանկալի է:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...