19:10  ,  29 օգոստոսի, 2018

Արթուր Գեւորգյանը հրապարակել է EUBC-ի նախագահից ստացած նամակը (ֆոտո)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում եւ ներկայացրել նաեւ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) նախագահից ստացած նամակը:

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ եւ լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետեւյալը.

ՀԱՕԿ ներկայացուցիչների եւ բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջեւ ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի եւ իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են եւ կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:

Հարկ եմ համարում եւս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան անկախ եւ ինքնուրույն հասարակական կազմակերպություն է եւ առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ եւ ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:
Տեղեկացնում եմ, որ ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման:

Ակնկալում եմ նաեւ ՀՀ կառավարության օրինական միջամտությունը եւ աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով:

Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը:

Հարգելի պարոն Գեւորգյան
Հարգարժան Արթուր
Որպես EUBC նախագահ՝ ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ, որում ներկայացված է այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ։

Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է եւ անհանգստացնող օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։ Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի եւ ASOIF -ի նախագահներին, որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով, կյանքի կոչեն օրենքները, խուսափեն միջամտությունից եւ ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։ Ես վստահ եմ, որ նախագահ Գաֆուր Ռախիմովը եւ նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։

Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք եւ անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր 
Ֆրանկո Ֆալչինելի
EUBC Նախագահ»:

Հիշեցնենք, որ այս շրջանում հայկական բռնցքամարտում կրքերը չեն հանդարտվում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի եւ նրան դեմ դուրս եկած մարզիչների միջեւ: Վերջիններս չեն ընդունում 2018 թվականի օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահի ընտրության արդյունքները եւ դիմել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի նախարար Լեւոն Վահրադյանին՝ ընտրության արդյունքները չընդունելու եւ նոր ընտրություն նշանակելու առաջարկով: Իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կստեղծի բռնցքամարտի նոր ֆեդերացիա:

Օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահն էր։ Արթուր Գեւորգյանն ընտրվել էր 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում