10:02  ,  28 օգոստոսի, 2018

Լեւոն Արոնյանը նվաճեց Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր (ֆոտո)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը:

Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում հայ գրոսմայստերը հավաքեց 34 միավոր եւ զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Երրորդ տեղը գրավեց  ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր:

Նակամուրան, Արոնյանը եւ Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում դեկտեմբերի 11-17-ը կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:

Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լեւոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգեւավճար:

Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ի վերջին փուլ «Սինքֆիլդի գավաթում» Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան 9 հնարավորից վաստակել էին 5.5-ական միավոր եւ բաժանել 1-3-րդ տեղերը: Հավասար միավորների դեպքում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել այն եւ ունենալ 3 հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում