14:30  ,  25 օգոստոսի, 2018

Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյան. Չէի սպասում, որ կնվաճեմ ոսկե մեդալ (ֆոտո)

Մեր ազգի, մեր երկրի համար պատմություն է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, 98 միավորով հաղթելը, հեծանվասպորտում այսպիսի արդյունքներ ունենալն ու օլիմպիական ուղեգրին այսքան մոտ լինելը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը օգոստոսի 24-ին Շվեյցարիայում նվաճել էր հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Ստեփանյանը ոսկե մեդալ էր նվաճել խմբակային վազք միավորներով մրցաձեւում (40 կմ, 200 շրջան)՝ հավաքելով 98 միավոր:

Էդգար, շնորհավորում եմ: Հավատո՞ւմ էիր, որ չեմպիոն կդառնաս:

Շնորհակալ եմ: Շատ բարդ էր ու անհավատալի, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Հենց սկզբից լավ տրվեց մեկնարկս: Սկզբում ընթանում էի երկրորդ տեղով, հետո՝ երրորդ, ապա անցա բոլորին եւ վերջին 70 շրջանն ավարտեցի առաջին տեղով: Անցյալ տարի անհատական մրցավազքում ֆրանսիացի մարզիկը 4:23 արդյուքով գրավեց երկրորդ տեղը, իսկ այս տարի անհատական մրցավազքում այդ նույն 4:23 արդյուքով ես 11-րդն էի: Սա նշանակում է, որ արդյունքները կրկնակի աճել են: Ինձ հետ պայքարի դուրս եկած բոլոր հեծանվորդները պրոֆեսիոնալ թիմերում են հանդես գալիս եւ, իրոք, ուժեղ են: Նրանց հետ պայքարի մեջ մտնելը բարդ է, ոսկե մեդալ նվաճելն՝ առավել եւս: Ամեն ինչ արեցի, որ մեդալ նվաճեմ: Երբ կանգնած էի մեկնարկի, վստահ էի, որ մեդալ եմ նվաճելու, բայց որ ոսկե մեդալ կնվաճեմ, չէի սպասում: Խմբակային վազքն ամենաբարդ ձեւերից է. 200 շրջան, միջին արագությունը 51,5 կմ/ժամ եւ 50 րոպե տեւողություն: Դժվար էր: Ես, իտալացին բելգիացին ու նաեւ լեհ մարզիկը շատ մոտ էինք  միավորներով: Մրցավազքի մի հատվածում չորրորդն էի, անդադար միավորներիս էի նայում եւ մտածում՝ միայն թե չորրորդ տեղ չգրավեմ: Բայց վերջին շրջաններում, երբ արդեն բոլորին հետ էի թողել, տեսնում էի, որ միավորներով առաջ եմ: 98 միավորը բացառիկ արդյունք է Հայաստանի հեծանվային սպորտի պատնության մեջ:

Մ-23 Եվրոպայի առաջնությունից առաջ մասնակցեցիր մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որտեղ արդյունքներդ այնքան էլ բարձր չէին: Ի՞նչն էր պատճառը:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մարզավիճակի խնդիր ունեի: Չէի հասցրել լիարժեք մարզավիճակ հավաքել: Վերադարձա ԱՄՆ-ից ու անմիջապես մեկնեցի Եվրոպայի առաջնությանը: Մեկ հավաք ունեցա, բայց եթե Եվրոպայի առաջնությունից առաջ հասցնեի մասնակցել գոնե մեկ մրցման եւ հետո նոր մեկնեի Գլազգո, արդյունքս ավելի բարձր կլիներ: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում խմբակային վազք 40 կմ մրցաձեւում զբաղեցրի 8-րդ տեղը: Այստեղ այս նույն ձեւը 160 շրջան էր: Առաջին 100 շրջանն անցա երկրորդ տեղով, բայց միանգամից տեղս կորցրեցի, հոգնածություն զգացի, մարզավիճակս թույլ չտվեց: Ամեն դեպքում, ունեի արծաթե մեդալ նվաճելու հնարավորություն, որը բաց թողեցի: Կարող էի մեծահասակների պայքարում էլ մեդալ նվաճել:

Մարզիչս՝ Արմեն Գյոզալյանը, մյուսները, ես ինքս էլ շատ գոհ ենք Մ-23 Եվրոպայի առաջնությունում իմ մասնակցությունից, արդյունքից: Արդյունք գրանցելու, ինչ-որ բանի հասնելու ձգտումն է ինձ օգնում: Հեծանվասպորտում արդյունք անելը անտանելի բարդ է, ոչ ոք չի հասկանում, որ եթե նույնիսկ 10-րդ տեղ ես զբաղեցնում Եվրոպայի առաջնությունում, ապա, իրոք, դա լավ արդյունք է այս մարզաձեւում: 

Երեկ քո պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր:

Երբ 2015 թվականին դարձա երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ապրումներս անբացատրելի էին: Թվում էր, թե նման զգացողություններ էլ երբեք չեմ ունենա: Երեկ ամեն ինչ նույն էր, ասես այդ պահը կրկնվում էր: Ինչպես 2015 թվականին, այնպես էլ երեկ այնտեղ գտնվողները, մեր թիմից բացի, այլ երկրների ներկայացուցիչները շատ էին ուրախացել հաղթանակիս առթիվ: Շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտ էր ստեղծվել, բոլորն ինձ հետ տոնում էին, կիսում ուրախությունս, լուսանկարիչները, երկրպագուներ գրկում էին, շնորհավորում: Ինձ հետ հավասար ուրախացել էին նույնիսկ մրցակիցներս: Նրանք պարբերաբար հանդիպում են տարբեր մրցաշարերում, իսկ ինձ հետ հանդիպում են առաջնությունից առաջնություն ու միանգամից հաղթում եմ նրանց՝ նվաճելով ոսկե մեդալ: Սա անսպասելի եւ հաճելի անակնկալ էր նաեւ մրցակիցներիս համար: Ուրախ եմ, որ իմ արդյունքներով ճանաչելի եմ դարձնում Հայաստանը:

Ամերիկյան Velo Pasadena Racing team ակումբի հետ պայմանագիրդ ավարտվել է: Ի՞նչ նոր առաջարկներ ունես:

Ինձ շատ օգնեց այս թիմում հանդես գալը: Մ-23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը, կարծում եմ, նոր դռներ կբացի իմ առջեւ: Անհրաժեշտ է որեւէ պրոֆեսիոնալ թիմում հանդես գալ: Ինձ շատ կօգնի պրոֆեսիոնալ թիմում լինելը, հնարավորություն կունենամ հնարավորինս շատ մրցաշարերի մասնակցել: Դեռ որեւէ հստակ առաջարկ չունեմ: Գիտեմ, որ ինձանով հետաքրքրվում է պրոֆեսիոնալ թիմերից մեկը՝ BMC-ն: Սա լուրջ ակումբ է՝ լավագույններից մեկն աշխարհում: Հնարավոր է՝ այս ակումբից առաջարկ ստանամ: Ակումբները համալրվում են նոյեմբերից, տեսնենք: Շատ կցանկանամ: Այստեղ ով մոտենում է ինձ, շնորհավորում՝ ասելով, որ վաղուց պետք է լինեի պրոֆեսիոնալ թիմում:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություններդ ինչպիսի՞ն են:

Այս երկու առաջնությունների արդյունքներով, կարծում եմ, լավագույն 20 հեծանվորդների մեջ կլինեմ: Բայց պետք է անընդհատ մրցումների մասնակցեմ, որ միավորներ չկորցնեմ, տեղս չկորցնեմ: Օլիմպիական խաղերի ուղեգիրը շատ մոտ է: Հրաշալի կլինի, եթե կարողանամ մասնակցել հոկտեմբերից մեկնարկող աշխարհի գավաթի բոլոր փուլերին: Բայց, կասկածում եմ, որ ֆեդերացիայի բյուջեն բավականացնի բոլոր փուլերին մասնակցելու համար: Շատ կարեւոր է պահպանել միավորներս եւ հավատում եմ, որ այս տեմպերով շարունակելու դեպքում Օլիմպիական խաղերին կմասնակցեմ: Աշխարհի գավաթի առաջին փուլը հոկտեմբերին է Ֆրանսիայում, ապա Անգլիայում, հետո Գերմանիայում: Ամեն ինչ կարող է լինել: Շատ մոտ եմ օլիմպիական ուղեգրին: Չի եղել երբեւէ, որ Հայաստանն այսքան մոտ լինի Օլիմպիական խաղերին մեր մարզաձեւում: Պետք է թույլ չտանք, որ մեր ձեռքից բաց թողնենք այս հնարավորությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում