10:10  ,  25 օգոստոսի, 2018

18-ամյա մարզուհին պատմում է, թե ինչու է բռնցքամարտի Հայաստանի թիմի նախկին մարզիչը հարվածել իրեն ռինգում

Ռաֆայել Մեհրաբյանն Արթուր Գեւորգյանի շնորհիվ է ազատության մեջ, բայց այսօր դեմ է դուրս եկել ֆեդերացիայի նախագահին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի կանանց Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը:

Հենց Անժելիկա Ստեփանյանին էր բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հարվածել Եվրոպայի առաջնությունում պարտություն կրելու համար: Ռաֆայել Մեհրաբյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում հերքում է իրեն ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ իրականում ինքը չի հարվածել աղջկան, այլ խստություն է ցուցաբերել մենամարտը պարտվելու համար, եւ որ իր անվան հետ այդ միջադեպը կապում են իրեն փնովելու նպատակով:

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպել է 18-ամյա մարզուհուն՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել Սոֆիայի ռինգում եւ ո՞րն է այս պատմության ճշմարիտ կողմը:

«2017 թվականին Սոֆիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պարտություն կրեցի: Մենամարտից հետո մոտեցա պարոն Մեհրաբյանին, որպեսի պաշպանիչ գլխարկն ու ձեռնոցները հանեի եւ մոտենայի մրցավարին: Երբ մոտեցա Ռաֆայել Մեհրաբյանին, նա շատ զայրացած էր եւ երկու անգամ հարվածեց ինձ՝ ապտակեց, ապա շատ կոպիտ հանեց գլխարկես՝ զուգահեռ հնչեցնելով շատ վիրավորական հայհոյանքներ: Ես այդ ժամանակ 16 տարեկան էի եւ ինձ համար շոկ էր իմ ու ծնողներիս հասցեին հայհոյանքներ լսելը: Այդ հայհոյանքներն ուղղված էին ոչ միայն ինձ, այլեւ ինձանից աաջ պարտված երկու աղջիկներին: Նա խիստ զայրացած էր, որ մենք պարտվել էինք, բացի այդ, սթափ վիճակում չէր, ալկոհոլի ազդեցության տակ էր: Ամեն դեպքում, նրա արարքին որեւէ արդարացում չկա, քանի որ իրեն այդպես պահելու իրավունք չուներ, եթե նույնիսկ պարտվել էինք»,- պատմեց Անժելիկա Ստեփանյանը:

Մեր զրույցին միացավ նաեւ Անժելիկայի քույրը՝ Նանե Ստեփանյանը, որը զբաղվում է ծանրամարտով:

Նանե Ստեփանյան. «Այս պատմությունը վերհիշելը տհաճ է քրոջս համար, նա շատ մանրամասներ բաց է թողնում: Ես ցանկանում եմ, որ Ռաֆայել Մեհրաբյանի մասին իրականությունը բոլորն իմանան եւ չաջակցեն նրա վերադարձին հայկական բռնցքամարտ: Սոֆիայում շատ անհասկանալի բաներ են տեղի ունեցել: Ինձ այդ ամենը պատմել է Անժելիկան, ուղղակի նա դժվարանում է այժմ խոսել: Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարած թիմի մի քանի աղջիկներ մրցման օրը դուրս էին եկել զբոսանքի եւ կորել Սոֆիայում, իսկ Ռաֆայել Մեհրաբյանն այդ ընթացքում իրեն խմիչքին է տված եղել: Աղջիկները դժվարությամբ վերադարձել են հյուրանոց, եւ նրանցից հետո նոր մարզիչն է եկել ոչ սթափ վիճակում: Նա բարձրացել է աղջիկների սենյակ եւ հանձնարարել, որ մեկնելուց առաջ բոլոր ճամպրուկներում տեղ պահեն իր անձնական իրերի համար, իսկ անձնական իրերը եղել են խմիչքներ: Ես՝ որպես Անժելիկայի ավագ քույր, դիմում եմ Արթուր Գեւորգյանին, որպեսզի տեղեկացնեմ եղելությունը: Նա ինձ խնդրում է ոչինչ չձեռնարկել, հանգստություն պահպանել ծնողներիս հետ եւ խոստանում, որ ֆեդերացիան այդ հարցով անպայման կզբաղվի՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու: Արթուր Գեւորգյանը հոգացել էր նաեւ օդանավակայանում միջադեպ չհասունանալու հարցը եւ ուղարկել իր խորհրդականին, որպեսզի մեր ընտանիքը՝ հայրս, մայրս կամ ես մեր երեխային հարվածելու համար հաշիվ չպահանջեինք Ռաֆայել Մեհրաբյանից: Նույնիսկ օդանավակայանում Մեհրաբյանն իրեն հարիր չպահեց ծնողներիս ներկայությամբ, միայն Արթուր Գեւորգյանի խորհրդականի շնորհիվ պարոն Մեհրաբյանը խույս տվեց քաշքշուկից: Մեհրաբյանը նույնիսկ օդանավակայանում էր ալկոհոլի ազդեցության տակ: Դա կփաստեն բոլորը ծնողները»:

Անժելիկա Ստեփանյան. «Նա ներողություն չխնդրեց ո՛չ հարվածելու, ո՛չ էլ ինձ անպատվելու համար: Նույնսիկ Հայաստան գալուց առաջ բոլորիս հավաքեց եւ ասաց, որ Սոֆիայում տեղի ունեցածը պետք է մոռանանք եւ Հայաստանում ոչինչ չասենք»:  

Նանե Ստեփանյան. «Արթուր Գեւորգյանն ինձ անձամբ խնդրեց ավելորդ աղմուկ չստեղծել միջադեպի շուրջ, դատական հայց չբացել, քանի որ ես որոշել էի դատի տալ Ռաֆայել Մեհրաբյանին: Նա խնդրեց չդիմել ԱԻԲԱ-ին՝ նշելով, որ ինքը բոլոր հարցերով կզբաղվի: Այս ամենն է պատճառը, որ Ռաֆայել Մեհրաբյանը ոչ պատշաճ վարքագծի պատճառով Արթուր Գեւորգյանի կողմից հեռացվեց ֆեդերացիայից եւ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Այն, որ Ռաֆայել Մեհրաբյանը որեւէ պատասխան չտվեց 16 տարեկան աղջկան հարվածելու եւ հայհոյելու համար, միջազգային ֆեդերացիայի կողմից չպատժվեց նման վարքագծի համար, դա միայն Արթուր Գեւորգյանի շնորհիվ է, իսկ այդ նույն մարդն այսօր պայքարում է նրան ֆեդերացիայի նախագահի պաշտոնից եւ բռնցքամարտից հեռանցելու համար, դեմ է դուրս եկել իրեն ժամանակին ձեռք մեկնած մարդուն, դեռ մի շարք իր նման մարդկանց էլ համախմբել: Գեւորգյանի շնորհիվ է, որ այսօր նա ազատության մեջ է»:    

Անժելիկա Ստեփանյան. «Պարոն Գեւորգյանի շնորհիվ նա իր արարքի համար չդատապարտվեց, բայց չհանդարտվեց: Երբ Արթուր Գեւորգյանը նրան հեռացրեց ֆեդերացիայից, Ռաֆայել Մեհրաբյանը ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի միջոցով ինձ հեռացնել տվեց քոլեջից: Ես այդ ժամանակ սովորում էի Օլիմպիական հերթափոխի քոլեջում, որի տնօրենը Դերենիկ Գաբրիելյանն է: Ինձ այնտեղից հեռացրին Ռաֆայել Մեհրաբյանի ջանքերով: Այսօր Դերենիկ Գաբրիելյանն էլ է կանգնած Մեհրաբյանի կողքին, ահա թե ինչու են նրան աջակցում ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունը: Նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանը մեզ չհավատաց, երբ պատմեցինք այս միջադեպի մասին: Ավելին՝ նա ասաց՝ գիտե՞ք ինչ մարզիկներ է տվել Ռաֆայել Մեհրաբյանը…

Ես տեւական ժամանակ հեռացա բռնցքամարտից, չէի մարզվում, չէի ցանկանում դուրս գալ ռինգ եւ տեսնել Ռաֆայել Մեհրաբյանին: Իմ անձնական մարզիչը Կարեն Աղամալյանն էր, բայց այս շրջանում ինձ աջակցել եւ օգնել է Արթուր Գեւորգյանը: Նա պարբերաբար հանդիպում եւ զրուցում է  ինձ հետ:  Արդեն հոգեբանական վիճակս կայուն է, վերսկսել եմ մարզումները եւ մարզվում եմ Վլադ Մարգարյանի մոտ: Առաջիկայում նպատակ ունեմ մասնակցել Հայաստանի առաջնությանը, եւ եթե հաղթեմ, նորից ուժերս կփորձեմ Եվրոպայի առաջնությունում: Ես չեմ ցանկանում, որ Ռաֆայել Մեհրաբյանը վերադառնա բռնցքամարտ: Չեմ ասի, որ ես մեծ արդյունքի հասած մարզուհի եմ, բայց ուրախ եմ, որ նորից ուժ եմ գտել իմ մեջ եւ ցանկանում եմ շարունակել, բայց եթե Ռաֆայել Մեհրաբյանը վերադառնա, ես կթողնեմ բռնցքամարտը»:

Նանե Ստեփանյան. «Եթե Սպորտի նախարարությունը կամ ՀԱՕԿ-ը միջամտեն Ռաֆայել Մեհրաբյանի մարզչական որակավորումը վերականգնելուն եւ կրկին բռնցքամարտ վերադառնալուն, մենք միջազգային դատարան կդիմենք Ռաֆայել Մեհրաբյանի դեմ հայցով, եւ նաեւ ԱԻԲԱ-ին՝ Սպորտի նախարարության ու ՀԱՕԿ-ի միջամտությունը կասեցնելու համար: Այս անգամ մեզ ոչինչ չի կանգնեցնի»:

Հիշեցնենք, որ այս շրջանում հայկական բռնցքամարտում կրքերը չեն հանդարտվում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի եւ հեռացված մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կողմնակիցների միջեւ: Պատճառն այն է, որ Ռաֆայել Մեհրաբյանի կողմնակիցները չեն ընդունում 2018 թվականի օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահի ընտրության արդյունքները եւ դիմել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի նախարար Լեւոն Վահրադյանին՝ ընտրության արդյունքները չընդունելու եւ նոր ընտրություն նշանակելու առաջարկով: Իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կստեղծի բռնցքամարտի նոր ֆեդերացիա:

Լուսինե Շահբազյան 

Լուսանկարում Անժելիկա Ստեփանյանը՝ աջից 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում