12:37  ,  22 օգոստոսի, 2018

Արթուր Գեւորգյանը՝ Բուդապեշտից. Միջազգային կառույցը հստակ պատասխանում է, որ չի եղել ոչ մի խախտում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերջերս վերընտրված Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակից հետ հեռախոսազրույցում Բուդապեշտից անդրադարձավ հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները բողոքի ակցիային Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքի մոտ:

Բռնցքամարտի մարզիչներն ու մարզիկներն օգոստոսի 22-ին հավաքվել էին նախարարության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արթուր Գեւորգյանին ու նշելով, որ ՀԲՖ նախագահի ընտրությունն անցել է առանց խախտումների:

Արթուր Գեւորգյանն այս օրերին գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում է Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի համաժողովին:

«Ես ձեր ուղիղ եթերից տեսա ու տեղեկացա, որ տղաները բողոքի ձայն են բարձրացրել: Խոսեցի Ատոմ Պողոսյանի հետ եւ հորդորեցի, որպեսզի նրանք գնան տուն՝ տեսնելով նախարարի կողմից արհամարհական վերաբերմունքը բռնցքամարտի մասնագետներին: Այժմ ես Եվրոպայում եմ եւ մասնակցում եմ Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի ժողովին, այստեղ քննարկվել է այդ հարցը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ մի ապօրինություն չի արել, ընտրություններն անցել են ճիշտ՝ ԱԻԲԱ-ի կանոնադրությանը համապատասխան: Դրա մասին կհայտարարվի ու գրությամբ կտեղեկացվի: Նորից կրկնում եմ, որ ոչ մեկ իրավունք չունի միջամտելու ու խոչընդոտելու մեր աշխատանքներին՝ ո՛չ Օլիմպիական կոմիտեն, ո՛չ Սպորտի նախարարությունը:

Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի համաժողովում խնդրի մասին տեղյակ են, քանի որ Հայաստանի սպորտի նախարարությունը մեզ տեղյակ չէր պահել, մեզ չէր բողոքել ու առարկություններ չէր ներկայացրել, բայց գրել էր, բողոքել էր միջազգային կառույցին: Միջազգային կառույցը հիմա հստակ պատասխանում է, որ չի եղել ոչ մի խախտում եւ, առհասարակ, ոչ մեկ իրավունք չունի միջամտելու մեր աշխատանքներին:

Ինչ վերաբերում է ԱԻԲԱ-ից ՀԱՕԿ-ին ուղարկված պատասխան նամակներին, ապա դրանք այս խնդրի հետ ոչ մի կապ չունեն: Հրաչյա Ռոստոմյանի հետ մենք բավական լավ հարաբերություններ ենք ունեցել, եւ ես չեմ էլ մեղադրում այդ տղային: Հասկանում եմ, որ նա այլ տարբերակ չունի:

Իմ հորդորն է բողոքի ակցիայի մասնակիցներին, որ պետք չէ աղմուկ բարձրացնել: Չեմ ցանկանում, որ մեկ բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծենք: Ավելորդ աղմուկ բարձրացնել պետք չէ, քանի որ չկա ու չի կարող լինել խնդիր»,- հեռախոսազրույցում նշեց Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահն էր։ Գեւորգյանն ընտրվել էր 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Լուսինե Շահբազյան

Տեսանյութում Արթուր Գեւորգյանի հետ հեռախոսազրույցը՝ 31:14-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում