13:40  ,  21 օգոստոսի, 2018

Մարգարիտա Գասպարյան. Շարունակում եմ վերականգնվել եւ ցավեր եմ զգում ամեն օր

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը մեկնաբանել է ծնկի 3 վիրահատություններից հետո իր վերադարձը կորտ:

«Ուրախ եմ, որ դարձյալ կարող եմ խաղալ: Այսպիսի մեծ ընդմիջումից հետո Նյու-Հեյվենի մրցաշարին մասնակցելը հրաշք է: Իհարկե, ֆիզիկապես դեռ իդեալական մարզավիճակում չեմ: Պետք է ջանասիրաբար մարզվեմ ամեն օր, որպեսզի ավելացնեմ:

Ես շարունակում եմ վերականգնվել եւ ցավեր եմ զգում ամեն օր, սակայն չեմ դադարում պայքարել: Նախապես կարծում էի, որ վերականգնման փուլը կտեւի մի քանի ամիս եւ կլինի միայն մեկ վիրահատության անհրաժեշտություն: Սակայն ես վիրահատվեցի 3 անգամ, իսկ վերականգնողական փուլը տեւեց մեկ տարի ու 4 ամիս:

2015 թվականին ես աշխարհի 41-րդ ռակետն էի: Երբ դու բարձր տեղ ես զբաղեցնում վարկանիշային աղյուսակում, ապա մասնակցում ես լավագույն մրցաշարերին ու խաղում ուժեղ մրցակիցների հետ: Դա հրաշալի զգացողություն է: Իմ գլխավոր նպատակը նախկին խաղամակարդակին վերադառնալն է, իսկ հիմա ես պարզապես ուրախ եմ, որ դարձյալ կարող եմ խաղալ»,- Գասպարյանի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ օրերս Մարգարիտա Գասպարյանը չէր կարողացել նվաճել թենիսի ամերիկյան Նյու-Հեյվենում անցկացվող Premier շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր: Որակավորման վերջին փուլում 23-ամյա թենիսիստուհին 3 սեթում պարտվել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պունգին եւ լքել պայքարը: 2 ժամ 13 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 5:7, 6:2, 6:2 հաշիվը:

Մոնիկա Պունգն ու Մարգարիտա Գասպարյանը 2012 թվականին հանդիպել էին նաեւ Տաշքենդի մրցաշարում, որտեղ դարձյալ հաղթել էր Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում