12:50  ,  20 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» պատմության ամենաթանկ պահեստայինների նստարանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում փոխարինողների նստարանին էր թողել խաղացողների, որոնց ձեռք բերելու համար կատալոնական ակումբը վճարել է մոտ 300 միլիոն եվրո:

Այդ խաղում «Բարսելոնայի» փոխարինողների թվում կային 7 խաղացողներ, որոնց ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 294 միլիոն եվրո: Խոսքն ակումբի ակադեմիայի սան Ռաֆինյայի, Յասպեր Սիլեսենի (13 միլիոն), Ֆելիպե Կոուտինյոյի (155), Մալկոմի (41), Կլեման Լանգլեի (35), Արտուրի (31) ու Արտուրո Վիդալի (19) մասին է, գրում է Marca-ն:

Արտուրո Վիդալը, Կոուտինյոն ու Արտուրը փոխարինման էին դուրս եկել այդ խաղում, որում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով:

Դա կատալոնական ակումբի պատմության ամենաթանկ պահեստայինների նստարանն էր: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը կազմում էր 131 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում