11:50  ,  20 օգոստոսի, 2018

Վերջին 10 տարում «Ռեալի» տնային խաղում գրանցվել է ամենացածր հաճախելիությունը

Մադրիդի «Ռեալի» ու «Խետաֆեի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը ներկա է եղել 48 466 երկրպագու: Դա Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում առաջին հանդիպումն էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո:

Goal.com-ի համաձայն՝ վերջին 10 տարում դա հաճախելիության վատագույն ցուցանիշն է «Ռեալի» տնային խաղում: Նախորդ անգամ «Սանտյագո Բերնաբեուում» այդպիսի ցածր հաճախելիություն գրանցվել էր 2008/09 մրցաշրջանի խաղում, որում «Ռեալը» Խուանդե Ռամոսի գլխավորությամբ 1/3 հաշվով տնային պարտություն էր կրել «Մալյորկայից»: Այդ տարի Արքայական ակումբն առաջնությունն ավարտել էր 5 անընդմեջ պարտությամբ:

Հիշեցնենք, որ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը հյուրընկալում է 81 044 երկրպագուի: «Ռեալը» «Խետաֆեին» հաղթել էր 2:0 հաշվով: Պաշտոնական խաղերում դա Արքայական ակումբի առաջին հաղթանակն էր Խուլյեն Լոպետեգիի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում