09:40  ,  20 օգոստոսի, 2018

Մոդրիչը խոստովանել է, որ ինքն է կապ հաստատել «Ինտերի» հետ

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իտալական «Ինտերին» պաշտպանել է 2 ակումբների միջեւ կոնֆլիկտում:

Խորվաթիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ ինքն է իտալական ակումբի հետ կապ հաստատել իր հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալին» դուր չի եկել այն հանգամանքը, որ «Ինտերն» առանց իսպանական ակումբի համաձայնության բանակցել է Մոդրիչի հետ: Այդ կապակցությամբ «Ռեալը» բողոք էր ներկայացրել ՖԻՖԱ-ին:

Հիշեցնենք, որ «Ինտերում» խաղում են խորվաթ կիսապաշտպանի հայրենակիցներ Իվան Պերիշիչը, Մարցելո Բրոզովիչը եւ Շիմե Վրսալկոն:

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում