13:03  ,  19 օգոստոսի, 2018

«Ռուբինում» Խորեն Բայրամյանի առաջին գոլն ու հետխաղյա մեկնաբանությունը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Կազանի «Ռուբինը» 1:1 հաշվով է ավարտել Գրոզնիի «Ախմատի» դեմ արտագնա հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:

«Ռուբինի» կազմում հաշիվը 84-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը, որն աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց 6 րոպե անց: «Ախմատը» պարտությունից փրկվել է ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Դա Խորեն Բայրամյանի առաջին գոլն էր «Ռուբինի» կազմում: Հանդիպումից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Ոչ ոքի խաղացինք, սակայն այնպիսի տպավորություն է, կարծես պարտվել ենք: Խաղի ավարտին մնացել էր ընդամենը 30 վայրկյան, այդ պատճառով կա հիասթափություն: Կարող էինք վաստակել 3 միավոր: Մարզչական շտաբը միշտ կրկնում է, որ մենք կորցնում ենք կենտրոնացվածությունը վերջին րոպեներին: Շատ ցավալի է, որ չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը:

Գոլն այդպես տոնեցի, քանի որ կինս այժմ հղի է, այդ պատճառով այն նվիրեցի նրան ու ապագա երեխայիս: Կարծում եմ՝ վատ չանցկացրեցինք ամբողջ հանդիպումը: Կար պայքար, բոլորը կռվում էին ու ձգտում: Իհարկե, Գրոզնիից նույնիսկ մեկ միավոր տանելը միշտ բարդ է, սակայն խաղն այնպես դասավորվեց, որ մեզ համար ցավալի էր կորցնել միավորներ»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռուբինն» այս ամռանն է մեկ տարով վարձակալել Խորեն Բայրամյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ռոստովին»:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Ախմատ» - «Ռուբին»՝ 1:1

Աբլայ Մբենգ, 90+5 - Խորեն Բայրամյան, 84

Ֆոտո՝ «Ռուբինի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս