14:47  ,  18 օգոստոսի, 2018

Արթուր Գեւորգյան. Չի բացառվում, որ ես դնեմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի ընտրությունում

Չեմ բացառում, որ 2020 թվականին կայանալիք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում կդնեմ իմ թեկնածությունը: ՀԱՕԿ-ին հորդորում եմ չափերից դուրս չանցնել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:  

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ն ու Հայաստանի սպորտի նախարարությունը անօրինական են ճանաչում օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որտեղ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում: Սպորտի նորանշանակ նախարարի հայտարարությամբ, ԱԻԲԱ-ն եւս ճանաչել է ֆեդերացիայի ընտրություններն անօրինական եւ առաջիկայում պատվիրակություն է ուղարկելու Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու նպատակով:

«Քվեարկությունը եղել է թափանցիկ, որը նախընտրել են պատվիրակները: Այս ընտրությունները լուսաբանվել են տարբեր լրատվամիջոցներով եւ համաժողովի բոլոր անդամները, բացառությամբ մեկի ընտրել են ինձ՝ որպես ֆեդերացիայի նախագահ, այսինքն չեմ հասկանում ինչ անհիմն մտահոգություններ կան կամ ինչն է բնականոն վիճակից դուրս եկել: Ընդ որում ընտրություններին մասնակցել են համաժողովի անդամ 72-ից 59-ը, 58-ը կողմ  է քվյարկել: Այսինքն այստեղ խոսել ընտրությունների առարկայական խախտումների մասին,  ուղղակի անհեթեթություն է: Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, որ ընտրության մասին տեղեկացված չեն եղել, ապա դրա մասին ուղարկվել են ծանուցումներ, ակտիվորեն տարածվել են սոցիալական ցանցերով: Այսինքն, ողջամիտ տպավորություն է, որ որեւէ ծանրակշիռ հիմք չկա, ուղղակի որոշ մարդկանց անտեղյակության պատճառով մեղավոր փնտրում են ֆեդերացիայի ղեկավարության մեջ:

Բացի ֆեդերացիայի անդամներից, որեւէ մեկն իրավունք չունի միջամտել ֆեդերացիայի գործունեությանը՝ ոչ սպորտի նախարարությունը, ոչ էլ ՀԱՕԿ-ը:

Այս ընտրությունների թե ընթացակարգը, թե արդյունքները ճանաչվել են ԱԻԲԱ-ի կողմից, իսկ ֆեդերացիան ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, այդ թվում եւ ԱԻԲԱ-ի կողմից: ԱԻԲԱ-ն օրերս մեզ նամակ էր ուղարկել, պահանջելով ընտրությունների ընթացակարգի փաստացի տվյալներ, տեղեկացնելով, որ դժգոհություն է ստացել Հայաստանի սպորտի նախարարությունից: Այժմ վերստուգումներ իրակացնելու նպատակով պահանջում են փաստեր, ընտրությունների օրինական ընթացքի մասին: Մենք ուղարկեցինք բոլոր տվյալները, փաստաթղթերը, տեսագրությունները, որից հետո ԱԻԲԱ-ն մեզ պատասխանեց՝ շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է: Այնպես որ, որեւէ մեկը չի կարող այս ընտրությունները ճանաչել անօրինական:

Ինչ վերաբերում է թեկնածուի առաջադրումը ֆեդերացիայի կողմից խոչընդոտվելուն, ես ինքս շատ ուրախ էի, երբ իմացա, որ եւս մեկ թեկնածու կա, հենց այդ առիթով մեկ ամիս դադարեցրի իմ լիազորություններ: Նշում եմ՝ չհրաժարվեցի պաշտոնից, այլ դադարեցրի, որպեսզի հնարավորություն տանք մեկ ուրիշին եւս առաջադրվի, բայց այդ ընթացքում որեւէ մեկը չդիմեց ֆեդերացիա եւ հայտ չներկայացրեց: Ամեն ինչ օրենքով կարգավորված է. թեկնածուն հայտ է ներկայացնում, ֆեդերացիան այդ հայտն ուղարկում է ԱԻԲԱ-ն, վերջինս ուսումնասիրում է եւ հաստատում թեկնածուի առաջադրումը: Բայց մեզ որեւէ մեկն այդպես էլ չդիմեց: Իսկ ֆեդերացիան ըստ կարգի մեկ ամիս առաջ հայտարարել էր տարբեր լրատվամիջոցներով, ծանուցումներով, որ սպասում է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Իսկ երբ արդեն ԱԻԲԱ-ն հաստատեց ընտրության օրը, մենք բոլոր մարզադպրոցներին, սպորտի կառույցներին, այդ թվում եւ սպորտի նախարարությանն ու ՀԱՕԿ-ին ծանուցումներ ուղարկեցինք օգոտոսի 2-ին կայանալիք ընտրությունների մասին: Ընտրության անցկացման օրը մենք չենք որոշում, այլ ԱԻԲԱ-ն:

ՀԱՕԿ-ը չի կարող հաստատել, ճանաչել կամ չճանաչել մեր ֆեդերացիան: Օլիմպիական կոմիտեն վերադաս չի, գրանցող մարմին չի: Մեր ֆեդերացիային հաստատում է միջազգային ֆեդերացիան: 

ՀԱՕԿ-ի միջամտությունների մասին կտեղեկացվի ՄՕԿ-ին, որպեսզի ՄՕԿ-ը ձեռնարկի միջոցներ՝ թույլ չտալու համար իր ենթակայության տակ գտնվող կառույցի խախտումներին: Մենք ընտրություններից հետո ոչ ՀԱՕԿ-ից, որ նախարարությունից որեւէ դիմում, բողոք չենք ստացել, որ իրենք կասկածում են ընտրությունների օրինականության վրա:

Այս բողոքող մարզիչների մեջ չկա մի մասնագետ, ով դեմ է իմ նախագահությանը: Նրանց խնդիրը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն է: Բայց ինչ-որ մեկը փորձում է միջամտել ֆեդերացիայի գործունեությանը. բռնցքամարտի ֆեդերացիան աճուրդի հանված չէ, եւ ես որեւէ մեկի թույլ չեմ տա այս ֆեդերացիան առնել կամ ծախել: 

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ՀԱՕԿ-ի մոտ չի ստացվի բռնցքամարտի ֆեդերացիան խլել իմ ձեռքից, դարձնել մյուս բոլոր այն ֆեդերացիաների պես, որոնք այժմ գտնվում են ՀԱՕԿ-ի ղեկավարության ներքո: 

ՀԱՕԿ-ին կոչ եմ անում չափերից դուրս չանցնել: Առաջիկայում ՀԱՕԿ նախագահի ընտրություններն են՝ 2020 թվականին: Եվ երբեք չի բացառվում, որ ես դնեմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում