19:36  ,  17 օգոստոսի, 2018

ՀՖՖ-ն հորդորում է «Փյունիկին» բացատրել Տալալաեւին իր իրավունքները եւ պարտականությունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» մասնակցությամբ Հայաստանի առաջնության հանդիպումները հետաձգելու պատճառները:

«Հայկական 2 ակումբներ՝ «Ալաշկերտը» եւ «Փյունիկը» եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացան աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել ֆուտբոլի հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» ցանկությունները:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի 2018-19 թթ. բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից հետո «Փյունիկը» եւ «Ալաշկերտը» ընդհանուր առմամբ 6 դիմում են ներկայացրել ֆեդերացիային՝ խնդրելով եվրագավաթների խաղերին առավել լավ նախապատրաստվելու համար հետաձգել իրենց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ: Թեեւ այդ խնդրանքները հակասել են բարձրագույն խմբում հանդես եկող մյուս թիմերի շահերին, բայց ֆեդերացիան մեծ հաշվով բավարարել է «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» բոլոր խնդրանքները եւ գտել հնարավորինս ոսկե միջինը՝ մյուս ակումբների շահերը պաշտպանելու համար: Մասնակի մերժվել է միայն մեկ խաղ հետաձգելու պահանջ՝ օգոստոսի 18-ին կայանալիք «Փյունիկ» - «Արարատ Արմենիա» հանդիպումը հետաձգվել է եւ կայանալու է 1 օր անց՝ օգոստոսի 19-ին, ընդ որում կրկին «Փյունիկին» հարմար ժամի՝ «Մաքաբիի» հետ խաղից ուղիղ 3 օր անց:

Վերոգրյալը հաշվի առնելով անհասկանալի է «Փյունիկի» գլխավոր մարզիչ պարոն Տալալաեւի Իսրայելում հնչեցրած իրար հակասող արտահայտությունները՝ նախ իբր ֆեդերացիան անտեղի է հետաձգել «Փյունիկի» հանդիպումները եւ իբր ֆեդերացիան հետաձգված հանդիպումը նշանակել է «Մաքաբի» հետ խաղից հետո շատ մոտ ժամանակում: Ընդ որում զարմանալի է, որ օգոստոսի 16-ին կայացած խաղից հետո «Փյունիկը» (ըստ Տալալաեւի հայտարարաության) Երեւան է ժամանելու օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20:10-ին:

Նորից ենք կրկնում, որ ֆեդերացիան հանդիպումները հետաձգել է հաշվի առնելով եվրագավաթների մասնակից «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» գրությունները՝ առաջին հերթին ի շահ այդ ակումբների: Հորդորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը բացատրել գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւին իր իրավունքները եւ պարտականությունները, որոնք սահմանափակվում են սեփական թիմի խաղը կազմակերպելով եւ ոչ թե պարտությունից հետո ֆեդերացիային անտեղի մեղադրանքներ հղելով»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» ու «Փյունիկը» չկարողացան հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում