13:50  ,  17 օգոստոսի, 2018

Ջրացատկի Հայաստանի թիմի մարզիչ. Սա, իսկապես, պատմական արդյունք է Հայաստանի համար (ֆոտո)

Ջրացատկով զբաղվելու պայմաններ չունենք: Ունենք աշտարակներ, բայց ոստնակներ կան միայն Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում: «Օլիմպավանի» լողավազանի գծագիրը ես եմ գծել, բայց, ցավոք, ոստնակները նախատեսված չեն եղել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը՝ ամփոփելով Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունը: 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը նվաճել էր բրոնզե մեդալ՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի զույգերին։ 

«Չունենալով լողավազաններ՝ տարիներ անց մենք առաջին անգամ մեծ արդյունք գրանցեցինք: Բոլորն էլ գիտեն, որ պայմանների խնդիր ունենք: Դավիթ Համբարձումյանի լողավազանում է միայն հնարավոր մարզվել, բայց այստեղ սինքրոն ցատկ չենք անում: Միայն մեկ-երկու անգամ՝ մրցումներից առաջ, քանի որ վտանգը մեծ է, որ մարզիկները կընկնեն իրար վրա: Տարածությունը թույլ չի տալիս: Այդ պատճառով սինքրոն ցատկեր կատարում ենք դահլիճում: Աշխատում ենք, բոլորս փորձում ենք առավելագույնն անել: Երբ հնարավորություններ չեն լինում, ավելի շատ ու լավ ենք աշխատում:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, իսկապես, պատմական արդյունք է Հայաստանի համար: Մեր հաջողությունը սկսվեց դեռ 2017 թվականի աշխարհի առաջնությունից, որտեղ մեր նույն զույգը զբաղեցրեց 9-րդ տեղը: Այդ օրվանից հավատացինք, որ կարող ենք ավելին՝ չունենալով մարզումային պայմաններ: Երբ մենք աշխարհի առաջնությունում զբաղեցրինք 9-րդ տեղը, դա մեծ սենսացիա էր համաշխարհային ջրացատկի համար: Այս Եվրոպայի առաջնությունում սենսացիան կրկնապատկվեց. հավաքեցինք 396 միավոր, ինչը մեր առավելագույն արդյունքն էր այսքան տարիների աշխատանքում:

Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ իրականում արդեն հավատում էինք, որ կարող ենք նաեւ մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությունից հետո տղաների հետ զրուցել էինք, որ մենք այդքան վատը չենք եւ կարող ենք նաեւ մեդալ նվաճել: Մեր առաջ խնդիր դրեցինք՝ մարզվել եւ աշխատել մեր հնարավորություններից առավել, որպեսզի մեդալային պայքարում լինելու մտադրությամբ եւ տրամադրվածությամբ մեկնենք Եվրոպայի առաջնությանը: Տղաները հավատացին սեփական ուժերին, ես էլ՝ իրենց: Շատ քիչ էր պակասում, որպեսզի գրավեինք երկրորդ տեղը, բայց մրցումներն անցկացվում էին Էդինբուրգում եւ, բնական է, որ մեզ թույլ չէին տա հաղթել Անգլիային: Այդպես էլ եղավ»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնության անհատական պայքարում 10 մ աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Լեւ Սարգսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը:

«Սինքրոն ցատկերից հետո Լեւ Սարգսյանի տրամադրությունն ու ադրենալինը հասել էր գագաթնակետին: Ես վստահ էի, որ նա շատ լավ է սկսելու անհատական մրցումը: Նա հրաշալի մեկնարկեց եւ երկու ցատկից հետո 2-3-րդ տեղերը բաժանում էր ֆրանսիացու հետ եւ չնչին տարբերությամբ զիջում առաջին տեղին: Այնտեղ մթնոլորն ավելի սենսացիոն էր դառնում, քանի որ բոլորն արդեն վատ էին տանում այն միտքը, որ Հայաստանը կարող եւս մեկ մեդալ նվաճել: Խոսքը մրցակից թիմերի մարզիչների մասին է, քանի որ բոլորը մտածում էին, թե այս ինչ է կատարվում եւ հայերն արդեն «համը հանում են»: Բայց կտրուկ հոգեբանական փոփոխություն եղավ Լեւ Սարգսյանի մոտ, մենք չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ եւ հաջորդ երկու ցատկերը լավ չկատարեց այն մակարդակով, ինչպես կարող էր: Կարծում եմ՝ Լեւն ինքն իր ուժերն ավելին դասեց, քան իրականությունն էր: Կարծում եմ՝ երեւակայան մեդալը նա արդեն տեսնում էր, ինչի պատճառով փչացնում է ցատկը: Վերջին ցատկի ժամանակ գիտակցությունն ավելի զգոն գտնվեց, կարծես հասկացավ, որ այլեւս մեդալի համար չի կարող պայքարել, բայց փայլուն ցատկ կատարեց՝ գրավելով 7-րդ տեղը:

7-րդն ավանդական տեղ է Լեւի համար, քանի որ մի քանի խոշոր մրցաշարերում նա զբաղեցրել է 7-րդ տեղը: Մենք պարբերաբար 2-3-րդ տեղից նահանջում եւ հանգրվանում ենք 7-րդ տեղում: Այս մրցումների վերջում էլ նա ինձ ասաց՝ էլի 7-րդ տեղ...»,- նշեց Հրաչյա Չանդիրյան:

Առաջիկա անելիքների, ֆինանսական խնդիրների եւ տարվա ընթացքում միայն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու պատճառների վերաբերյալ մարզիչը նշեց, որ պայմաններից բացի, մարզիկների մարզումներին խոչընդոտում է նաեւ ֆինանսը:

«Առաջիկայում մրցաշարերի չենք մասնակցի, այս տարվա մեր մրցաշրջանն ավարտեցինք: Այս տարվա մեր գերխնդիրը Եվրոպայի առաջնությունն էր: Կնախապատրաստվենք հաջորդ տարվա հուլիսին կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է օլիմպիական ուղեգիր: Ունենք օլիմպիական վարկանիշային 2 մրցաշար՝ աշխարհի առաջնությունը եւ աշխարհի գավաթի խաղարկությունը: Մեր հնարավորություններն ավելի շատ կապում ենք աշխարհի գավաթի հետ: Եթե մինչեւ 7-րդ տեղը զբաղեցնենք, կնվաճենք օլիմպիական ուղեգիր:

Մենք ուսումնամարզական հավաքներ չենք անցկացնում: Մեկ անգամ ենք հավաք ունեցել 2016 թվականին: Եթե հավաքներ անցկացնենք, ապա չենք կարողանա միջազգային մրցաշարերի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակցել: Եթե ֆինանսավորում չլինի, այսպես շատ դժվար կլինի շարունակել. մեկը պետք է ձեռք մեկնի մեզ: Մեր բյուջեն կազմում է շուրջ 25 հազար դոլար, իսկ միայն Եվրոպայի առաջնության վրա մենք ծախսեցինք մոտ 15 հազար եվրո»,- ամփոփեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում