16:46  ,  17 օգոստոսի, 2018

«Ռեալը» «Ինտերի» դեմ կբողոքարկի Մոդրիչի հետ բանակցելու համար

Մադրիդի «Ռեալին» դուր չի եկել, որ իտալական «Ինտերը» բանակցել է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ: Այդ կապակցությամբ Արքայական ակումբը մտադիր է բողոք ներկայացնել իտալական ակումբի դեմ, գրում է As-ը:

Միլանյան ակումբն այս ամռանը ցանկանում էր ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին եւ բանակցում նրա գործակալների հետ: Չնայած 2 ակումբների միջեւ բարեկամական հարաբերություններին՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այդ հարցով դիմել ՖԻՖԱ-ին:

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում