10:30  ,  17 օգոստոսի, 2018

Անդրեյ Տալալաեւ. Գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռվում դաշտում, բայց պետք է խաղանք ավելի լավ

Երեւանի «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Թել Ավիվի «Մաքաբիից» կրած պարտությունը, որից հետո հայկական ակումբը լքեց պայքարը:

«Ի՞նչ կարող եմ ասել։ Թիմը պարտվեց 1:2 հաշվով, «Մաքաբին» շարունակում է պայքարը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց։

Ի՞նչը չբավականացրեց իմ թիմին. մրցակիցը 2 գոլ խփեց, մենք՝ 1: Ես գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս խաղադաշտում, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Եղանակի պահով կարող եմ ասել, որ Հայաստանում պակաս տոթ չէ։ Պարզապես խաղադաշտում մի փոքր տարբեր խաղամակարդակ ունեցող թիմեր էին։ Մենք գնում ենք տուն։ Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարելու 20:10-ին, բայց մեր խաղը նշանակվել է 21:30-ին։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հայկական ակումբները հաջողություններ չեն գրանցում։ ՀՖՖ-ն պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին։ Եկեք հաջողություն մաղթենք «Մաքաբիին» եւ գնանք Հայաստան, որպեսզի աստիճանաբար կարգի բերենք այս ամենը, քանի որ այս անկարգապահ վիճակով տեղից չենք շարժվի»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Փյունիկի» կայքը:

Հիշեցնենք, որ Թել Ավիվում կայացած պատասխան խաղում Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Երեւանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

«Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբն է, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում:

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Մաքաբին» կհանդիպի նորվեգական «Սարպսբորգին», որը պայքարից դուրս թողեց խորվաթական «Ռիեկային» (1:1, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով