14:42  ,  16 օգոստոսի, 2018

Խուլյեն Լոպետեգի. «Աթլետիկոն» մրցակցի սխալներից օգտվելու փորձագետ է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը 2:4 հաշվով:

«Սովորաբար եզրափակիչներում պարտվում են այն թիմերը, որոնք ավելի շատ են սխալվում, իսկ «Աթլետիկոն» փորձագետ է մրցակցի սխալներից օգտվելու հարցում: Մրցակիցը հաշիվը 2:2 դարձրեց այն պահին, երբ «Ռեալը» լավ ժամանակահատված էր անցկացնում:

«Աթլետիկոն» գրագետ օգտագործեց իր պահերը: Երբ մրցակիցը հաշիվը դարձրեց 3:2, մենք ստիպված էինք ռիսկի դիմել եւ փոխեցինք խաղաոճը:

«Ռեալի» ֆուտբոլիստները նվաճել են շատ տիտղոսներ: Այո, ներքին առաջնությունում ամեն բան չի ստացվել, սակայն մենք կենտրոնանում ենք նոր մրցաշրջանի վրա եւ չենք մտածում անցյալի մասին: Վաղը պետք է արթնանանք Իսպանիայի առաջնության մասին մտքերով: Կան պահեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Վերջին 11 տարում Խուլյեն Լոպետեգին առաջին մարզիչն է, որը «Ռեալում» պարտվում է առաջին պաշտոնական խաղում: Նախորդ անգամ նման անհաջող մեկնարկ գրանցել էր գերմանացի Բերնդ Շուստերը, որի գլխավորությամբ մադրիդցիները 2007 թվականի օգոստոսին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում պարտվել էին «Սեւիլիային» (0:1):

Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած խաղում «Աթլետիկոն» հաղթեց լրացուցիչ ժամանակում ու պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ կրկնելով 2010-ի ու 2012-ի հաջողությունը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում առաջին անգամ հանդիպեցին նույն քաղաքը ներկայացնող թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում