14:11  ,  15 օգոստոսի, 2018

Սերխիո Ռամոսը քվեարկել է Յուրգեն Կլոպի օգտին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պատմել է, որ բարձր է գնահատում անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքը։ Իսպանացի պաշտպանը նաեւ պատասխանել է գերմանացի մասնագետի քննադատությանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին վնասվածք հասցնելու համար:

«Ես երբեք միտումնավոր չեմ վնասի խաղացողի: Վաղուց փակել եմ այդ թեման: Կլոպը կարող է ասել այն ամենը, ինչ ցանկանում է: Դա նրա առաջին անհաջող եզրափակիչը չէր: Նա պետք է մտածի իր խաղացողների մասին, այլ ոչ մրցակիցների:

Վերջերս մենք մասնակցեցինք նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչի քվեարկությանը, եւ ես քվեարկեցի Կլոպի օգտին: Այնպես որ, նա կարող է հանգիստ լինել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը 3։1 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»: Այդ հանդիպման առաջին խաղակեսում Մոհամեդ Սալահը վնասվածք էր ստացել Ռամոսի հետ պայքարում եւ փոխարինվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում