13:04  ,  14 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» ու «Ալաշկերտի» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Երեւանի «Ալաշկերտի» ու «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումների մրցավարներին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Իսրայելում կայանալիք «Մաքաբի Թել Ավիվ» - «Փյունիկ»  խաղը կսպասարկի ֆինն Վիլե Նեւալայնենը, իսկ եզրային մրցավարները կլինեն նրա հայրենակիցներ Վիլե Կոսկինիեմին ու Միկա Լամպուն:

«Ալաշկերտի» եւ «Կլուժի» միջեւ Ռումինիայում անցկացվելիք հանդիպումը վստահվել է իսլանդացի մրցավարների: Գլխավոր մրցավար է նշանակվել Վիլհյալմուր Թորարինսոնը, որին եզրերում կօգնեն Գիլֆի Մար Սիգուրդսոնը եւ Բիրկիր Սիգուրդսոնը:

2 հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 16-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» տնային պարտություն է կրել 0:2 հաշվով, իսկ «Փյունիկը» բավարարվել է գոլազուրկ ոչ ոքիով:

«Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում